Ֆրանսիայի Հավր քաղաքի քաղաքապետը մերկ լուսանկարների պատճառով հրաժարական է տվել

13:34 • 22.03.19

Ֆրանսիայի հյուսիսային Հավր քաղաքի քաղաքապետ Լյուկ Լեմոնիեն իր մերկ լուսանկարների պատճառով առաջացած սկանդալի ֆոնին հրաժարական է տվել, գրում է Le Figaro-ն:

Նշվում է, որ 50-ամյա Լեմոնիեի «գայթակղիչ» լուսանկարներն ուղարկվել են քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաև երկրի վարչապետ, նախկինում Հավրի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Էդուար Ֆիլիպին:

Շաբաթվա սկզբին France Bleu Normandie ռադիոյի եթերում մի կին, որը հաժարվել էր բացահայտել իր ինքնությունը, հայտարարել էր, որ ինքն է ուղարկել սկանդալային լուսանկարները: Նրա պնդմամբ՝ Լեմոնիեն այդ լուսանկարներով փորձել է գայթակղել իրեն:

Պաշտոնյան կտրականապես հերքել է կնոջ խոսքերը, սակայն ավելի ուշ, այնուամենայնիվ, որոշել է վայր դրել լիազորությունները:

«Ես որոշել եմ հրաժարական տալ: Այդ որոշումը կայացրել եմ երկար խորհելուց հետո: Այն բացատրվում է իմ ընտանիքի անդամներին ու մերձավորներին պաշտպանելու անհրաժեշտությամբ»,- հայտարարել է Լեմոնիեն:

Լեմոնիեն Հավրի քաղաքապետ է ընտրվել 2017թ.-ի մայիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆրանսիայի ներկայիս վարչապետ Էդուար Ֆիլիպին: