Ուտրեխտում հարձակում իրականացրած թուրք հրաձիգն ընդունել է մեղքը

23:03 • 22.03.19

Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տրամվայում հարձակում իրականացրած և երեք մարդու կյանք խլած Գյոքմեն Թանըշն ընդունել է մեղքը՝ նշելով, որ միայնակ է գործել: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի դատախազությունից:

Այնուամենայնիվ, գերատեսչությունից հրաժարվել են այլ մանրամասներ հայտնել, քանի որ հետաքննությունը դեռևս շարունակվում է: Իշխանություններն ընդգծում են, որ հրաձիգի գործողությունների շարժառիթն անհրաժեշտ է մինչև վերջ բացահայտել:

Հիշեցնենք, որ ազգությամբ թուրք, 37-ամյա Թանըշը երկուշաբթի կրակ է բացել Ուտրեխտի տրամվայներից մեկում, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է, ևս մի քանիսը վիրավորվել էին: Ոստիկանությանը հաջողվել էր ձերբակալել նրան 7 ժամ տևած որոնումներից հետո: Նախօրեին նրան մեղադրանք էր առաջադրվել: