Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի կամ նավթի շուկայի հետ․ Արթուր Վանեցյան
Ո՛չ, ճիշտ չէ, հերքում եմ այդ լուրը, այդ լրատվամիջոցին էլ հորդորում եմ հերքումով հանդես գալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերի մասին, թե ինքը բենզինի բիզնեսում խոշոր դիրք ունի, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է նրան դուրս գալ շուկայից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն։
ԱԱԾ տնօրենը շեշտեց, որ եթե մամուլում իրեն վերաբերող ամեն սուտ հրապարակման հետևից գնա ու դատական հայց ներկայացնի նրանց դեմ, ապա խայտառակ պատկեր կլինի։
«Պարզապես օգտագործում են իմ անունը, որ իրենց դիտումները շատ լինեն, սա ամոթալի է։ Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի կամ նավթի շուկայի հետ»,-եզրափակեց Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև Ալեքսանդր Սարգսյանի՝ Հայաստանից մեկնելուն: Նա վստահեցնում է՝ ամեն բան եղել է իրենց գիտությամբ։ Արթուր Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է ՀՀ-ից բացակայելու համար՝ առողջական խնդիրների հետ կապված, և գործը քննող քննիչի որոշմամբ՝ թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը։
«Այո՛, ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան։ Այս պահին նման պահանջ չկա, բայց լինելու դեպքում կկանչվի, քանի որ Քննչականը միշտ կապի մեջ է փաստաբանների հետ, նրանք կհրավիրեն։ Կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի»,- շարունակեց Արթուր Վանեցյանը։










