Եթե բացահայտվել է որոշակի չափի գողոն, ոչ ոք չի կարող պետության հետ առևտրի մեջ և ասել՝ կլինի այսքանը տամ, այսքանը պահեմ ինձ. Արթուր Վանեցյան

13:40 • 22.03.19

Եթե բացահայտվել է որոշակի չափի գողոն, չի կարող պետության հետ մեկն առևտրի մեջ մտնել և ասել՝ կլինի՞ այսքանը տամ, այսքանը պահեմ ինձ, նման բան չկա. ԱԺ-ում  պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018թ-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե երբ բացահայտվում է ինչ-որ չափի գողոն և հայտարարվում է, որ նվիրատվություն է եղել, դա ի՞նչ իրավական ընթացակարգերով է արվում: 

Վանեցյանը նշեց՝ պետք է հասկանալ, որ կա վաղեմության ժամկետ, ապացուցողական խնդիր, գույքեր ու գումարներ, որոնք այլ անձանց անունով են: «Բայց մեր կատարած աշխատանքների արդյունքում ինչը կարողանում ենք հիմնավորել օրենքի շրջանակներում, մի մասը քրեական գործի շրջանակներում, եթե նախատեսվում է նման դեպք, որ վնասը վերականգնվում է և քրեական հետապնդումը դադարեցվում է, կամ չի դադարեցվում, բայց համարվում է մեղմացուցիչ հանգամանք: Տաբեր հանգամանքներ կան, ես դատավոր չեմ, որ այդ հարցերի պատասխանները տամ, բաց հավատացեք՝ որևէ օրենք չի խախտվում և բոլոր գործողությունները կատարվում են օրենքին համապատասխան»,-ասաց նա:

Ըստ Վանեցյանի՝ ամեն գործի հետ կապված կա իր իրավակարգավորումը:

«Չկա մի պրոցես, որ ԱԱԾ-ն գնա ու ասի  գիտես ինչ՝ այս բաժակդ կտաս ինձ...ամեն մի հարցում լինում է մոտեցում, և, միանշանակ, պահվում է օրենքի տառը»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Եվրոպական դատարանը հասանելի է բոլորին, և կարող են այդ գործերը գնալ ՄԻԵԴ:

«Պատկերացնո՞ւմ եք՝ անընդհատ բողոքներ գնան, մինչ օրս հպարտությամբ կարող եմ ասել, որ ՀՀ ԱԱԾ-ի կողմից հարուցված որևէ գործով որևէ բողոքարկում չի եղել: Ես լավ հասկանում եմ, որ չի կարելի ընկնել ազդեցության տակ և անել բաներ, որի պատճառով պետության վարկանիշը ընկնի, մեր վարկանիշն ընկնի»,-ասաց նա: