Տեղի ունեցավ «Վերածնունդ» ավանի հիմնարկեքի արարողությունը (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում շուտով վեր կխոյանան «Վերածնունդ» երիտասարդական ավանի 12, 18 և 32 հարկանի 8 շենքերը։ Այսօր տեղի ունեցավ ավանի հիմնարկեքի արարողությունը։ Կատարվեց հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ:
Իսկ համալիրի հիմքերում սերունդներին ուղղված ուղերձը տեղադրեց ծրագրի շահառու Մկրտչյանների ընտանիքի ամենակրտսերը։
Լրագրողների հետ զրույցում «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը հավաստիացրեց՝ շենքերը լինելու են սեյսմակայուն, իսկ բնապահպանների կողմից բարձրացված հոսող հողերի խնդիր այստեղ չկա.
«Բնապահպանական տեսանկյունից բոլոր փաստաթղթերը կան, մենք անցել ենք համապատասխան բնապահպանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ բոլոր հետազոտությունները, այնպես որ, բնապահպանական խնդիր այստեղ չի կարող լինել։ Ես խորհուրդ կտայի՝ մեր բնապահպանները մտածեին համալիրի տարածքին հարող այգիների չորացման մասին, որովհետեւ այնտեղ, ըստ երեւույթին կան ոռոգման խնդիրներ»։
Հողամասի ընդհանուր մակերեսը 6,7 հա է, կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 227 500 քմ, կառուցված շենքերում լինելու է 1100 բնակարան, նախատեսվում է, որ ավանը շահագործման կհանձնվի 2022 թվականի մայիսին: Համալիրում նախատեսված է ունենալ ավտոկայանատեղիներ՝ նախատեսված ավելի քան 800 մեքենայի համար: Լինելու են հասարակական նշանակության տարածքներ՝ խանութներ, գրասենյակային տարածքներ, ցուցասրահներ, ինչպես նաեւ մանկապարտեզ, մարզաառողջարանային համալիր, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, ճեմուղիներ, զրուցարաններ:
Արսեն Քարամյանի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը 54 միլիարդ դրամ է:
Նրա խոսքով՝ առաջին անգամ Երևանում կառուցվող թաղամասն ունենալու է կոյուղաջրերի մաքրման անհատական կայան, որտեղ համապատասխան ֆիլտրումից հետո կոյուղաջրերն օգտագործվելու են տարածքի ոռոգման նպատակով. «Ծրագրի թիրախային խմբում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների երիտասարդ մասնագետները, երիտասարդ մանկավարժները, լրագրողները, բժիշկները, դասախոսները, գիտնականներն ու ստեղծագործողները, պետական և համայնքային ծառայողները, մարզիկները»։
Նշենք, որ նախագծող ճարտարապետներն են Վահագն Վերմիշյանը և Դավիթ Միրզոյանը։












