Ընդդիմության և իշխանության համատեղ աշխատանքը լավ պտուղներ է տալու. Վահե Էնֆիաջյանը և Գոռ Գևորգյանը ծառ տնկեցին

11:13 • 23.03.19

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը միասին ծառ տնկեցին Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում:

Լրագրողների հետ զրույցում Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ընդդիմության և իշխանության  համատեղ աշխատանքը լավ պտուղներ է տալու:

Գոռ Գևորգյանն էլ հավելեց, որ համատեղ աշխատանքը ընդդիմություն և իշխանություն չի ենթադրում: «Այն ենթադրում է գործընթաց, որը պետք է նպաստի պետության ամրապնդմանը և մեր պետականության զարգացմանը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մայրաքաղաքը մաքուր պահելուն և ընդհանրապես, մեր պետությունը դարձնելու օրինակելի բոլորի համար»,- ասաց նա:

Էնֆիաջյանը հավելեց, որ այս տարածքը հետագայում խնամվելու է, և վստահ է, որ տնկված ծառերը լավ ճակատագրի են արժանանալու:

Հարցին էլ` իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների կողմից համատեղ տնկած ծառի՞ն ինչ անուն կտան, Էնֆիաջյանը պատասխանեց. «Թող այս ծառը լինի լավ հույսերի, լավ սպասումների, մեծ հաղթանակների ու ձեռքբերումների խորհրդանիշ»:

Իսկ արդյոք այն ընդդիմությա՞ն, թե իշխանության ծառ է, Էնֆիաջյանն ասաց, որ այն ընկալելիությունը, որ փորձեցին հաղորդել այս գործընթացին, այդտեղ ընդդիմություն և իշխանություն ասվածը հարաբերական է, որովհետև քաղաքական որ դաշտում էլ, որ գտնվում են, ի վերջո նպատակները պետք է ծառայեն ժողովրդի զարգացմանն ու բարգավաճմանը:

Գոռ Գևորգյանն էլ հավելեց. «Եկեք ընտրենք ճերմակ առագաստները, թե չէ ինչքան ուզում ենք, կարող ենք խարիսխ բերել միասին: Ճերմակ առագաստներն են բացառիկ և դրանք տրվում են քչերին, մենք ճերմակ առագաստի հետևից գնացող ժողովուրդ ենք»: