Մարշալներ Բաղրամյանի և Կոնևի ժառանգները վրդովվել են Comedy Woman-ի անգրագետ կատակից
Խորհրդային մարշալներ Իվան Բաղրամյանի և Իվան Կոնևի թոռները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե` հայց ներկայացնելով ռուսական ТНТ հեռուստաալիքի դեմ: Այդ մասին Life.ru-ի փոխանցմամբ` հայտնում է «360» հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի` խորհրդային ռազմական ղեկավարների ժառանգները վրդովված են Comedy Woman հաղորդման ընթացքում հնչած կատակի առնչությամբ:
Շոուի երկրորդ սեզոնի 11-րդ թողարկումում դերասանուհի Նատալյա Մեդվեդևան ասում է, որ գումար է հավաքում թաղման համար և լավ գիտի, թե ինչպես պետք է կազմակերպել հուղարկավորությունը:
«Ես դեռ դպրոցում Անֆիսա անունով առնետի համար այնպիսի հուղարկավորություն կազմակերպեցի, որ մարդիկ պարզապես նախանձից մեռան: Առնետի համար տեղ էի փորել Կրեմլի պատի մեջ` Եժովի և Կոնևի միջև»,- կատակում է աղջիկը:
Բաղրամյանի թոռը` Իվան Սերգեևիչը հայտարարել է, որ կատակը ոչ միայն տեղին չէ, այլև անգրագետ է: Նա հիշեցրել է, որ Նիկոլայ Եժովը թաղված է ոչ թե Կրեմլի պատի մեջ, այլ Դոնսկոե գերեզմանատանը:
«Սցենարիստը, որը գրել է այդ տեքստը դերասանների համար, չի տիրապետում իրավիճակին»,- եզրափակել է Բաղրամյանը:










