Կիմ Չեն Ընի անձնական լուսանկարիչը հեռացվել է աշխատանքից երկրի առաջնորդին չափից շատ մոտենալու համար
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական լուսանկարիչը հեռացվել է աշխատանքից, նաև Կորեայի աշխատավորական կուսակցությունից: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ` հայտնում է Daily NK-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` լուսանկարիչը հեռացվել է սահմանված կանոնը խախտելու և Կիմ Չեն Ընին չափից շատ մոտենալու պատճառով: Մասնավորապես, նա Հյուսիսային Կորեայի առաջնորդին լուսանկարել է երկու մետր հեռավորության վրա:
Նշվում է, որ բացի այդ, լուսանկարիչն այնքան մոտ է եղել, որ իր տեսախցիկով փակել է Կիմին: Վերջինիս մարմինի կեսը մոտ երեք վայրկյան տեսանելի չի եղել հավաքվածներին: Հյուսիսային Կորեայի իշխանությունը հայտարարել է, որ դա միտումնավոր է արվել` երկրի նախագահին վնաս հասցնելու համար:
Միջադեպից հետո 47-ամյա տղամարդը, որը լուսանկարել էր նաև Թրամփի և Ընի Հանոյի հանդիպումը, ազատվել է աշխատանքից:










