Գերմանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 11 մարդ է ձերբակալվել

02:25 • 23.03.19

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 11 հոգու` մարտի 22-ին Հեսսենում և Ռեյնլանդ-Պֆալցում ահաբեկչական հարձակում նախապատրաստելու կասկածանքով: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ` գրում է Die Welt-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` հետաքննությունը պարզել է, որ հիմնական կասկածյալներն են` 21-ամյա մի երիտասարդ` Օֆենբախից և 31 տարեկան երկու տղամարդ` Վիսբադենից:  Նրանք մյուս 9 հոգու հետ նախապատրաստվում էին հարձակում` «իսլամական և ահաբեկչական մոտիվներով»` նպատակ ունենալով հնարավորինս շատ «անհավատների» սպանել:

Նշվում է, որ այս խմբավորմանը հաջողվել է մեքենա վարձել և հավաքել ավելի քան 20 հազար եվրո` զենք գնելու համար: Կասկածյալների տների հետախուզման արդյունքում հայտնաբերվել են դանակներ, թմրանյութեր և արմատական ուղղվածության գրականություն: