Արթիկի հիմնական դպրոցի տնօրենը որպես էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը՝ յուրացնելով նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը (տեսանյութ)

12:42 • 29.03.19

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996 թվականի հոկտեմբերից 2014 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում որպես էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը։

Նա փաստացի աշխատանքի չի հաճախել և պարբերաբար բացակայել է հանրապետությունից։

Նախկին տնօրենը պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ յուրացրել է եղբոր անվամբ հաշվարկված և դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3,5 միլիոնից ավելի դրամը։

Առերևույթ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։