Մեկնարկել է «Սոցիալական համագործակցություն․ համայնքներից մինչև ազգային մակարդակ» համագումարը
Երևանում անցկացվում է «Սոցիալական համագործակցություն․ համայնքներից մինչև ազգային մակարդակ» համագումարը, որին մասնակցում են շահագրգիռ մի քանի տասնյակ անձիք՝ ՀՀ 10 մարզերից։ Այս անգամ Երևան համայնքը քննարկումներում ներառված չէ, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ Երևանի խնդիրների հետ կապված քննարկումներ գրեթե միշտ լինում են։
Համագումարին ներկա էր նաև ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ կարևորում է նման համագումարները, քանի որ համագործակցության խորացման արդյունքում խնդիրների արդյունավետ լուծման ճանապարհներն ավելի հեշտ են գտնվում։
«Սոցիալական համագործակցությունը համայնքներից մինչև ազգային մակարդակ․ այն ունի առանցքային նշանակություն հասկանալու մարդու խնդիրներ և կարիքները, ինչի արդյունքում էլ կկարողանա մատուցել անհրաժեշտ ծառայություններ, որոնք թույլ կտան օգտագործել մարդու ներուժը հասարակությունում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն` Դեբորա Գրիզերն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, շեշտեց, թե ԱՄՆ կառավարությունը հավատում է մարդկանց կյանքում ներդրում ունենալուն, լիահույս է, որ Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմամբ այդ փոփոխությունները հնարավոր կլինեն։
«ԱՄՆ ՄԶԳ-ն իր գործընկերների՝ ի դեմս Մանկական զարգացման հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, ձեռնարկել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություն» ծրագիրը, որն ուղղված է սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրման միջոցով օգնելու համայնքներին հասցեագրելու իրենց խնդիրները։ Այսօրվա մարտահրավերներով, երբեմն նաև խոչընդոտներով, կարևոր է ունենալ հանձնառու մասնագետներ»,- շարունակեց Դեբորա Գրիզերը։
«Վորլդ Վիժն»-ի Երեխաների պաշտպանության և կրթության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանն էլ հավելեց, որ այս համագումարի նպատակն է բարելավել սոցիալական համագործակցությունը, մոբիլիզացնել ռեսուրսները։
«Սոցիալական համագործակցությունը հանդիսանում է կարևոր ձևաչափ հասարակության ծառայությունները կազմակերպելու, ռեսուրսները մոբիլիզացնելու և իրականացվող աշխատանքների վերածածկը բացառելու տեսանկյունից»,- նշեց Աիդա Մուրադյանը։










