Ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

13:41 • 29.03.19

Վարչապետի հնչեցրած 50 տոկոսը միջազգային ինչ-որ կազմակերպության տեղեկություն էր, որպեսզի ունենանք ճշգրիտ գնահատական, աշխատում ենք այդ ուղղությամբ. կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով հարցին` այն, որ վարչապետը հայտարարել է, թե միջազգային փորձագիտական կազմակերպությունների գնահատականով Հայաստանում 50 տոկոսի է հասնում ստվերը, մինչդեռ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ ԱՎԾ տվյալներով 25 տոկոս է, որն էլ իջեցվել է 22 տոկոսի, այս պահին ո՞ր ցուցանիշն է ավելի մոտ իրականությանը:

«Միջազգային կառույցները տարբեր ցուցանիշներ են հրապարակում` 35, 40, 45, 50, և վարչապետը հնչեցրել է միջազգային կառույցներից մեկի տեսակետը, և բնավ այնպես չէ, որ այդ հնչեցրած տեսակետը իրականությանը համապատասխանում է, բայց դրանք գնահատականներ են, որոնց մեթոդաբանության առումով դեռևս մենք պետք է մեր մոտեցումներն էլ ասենք: Մենք ունենք ԱՎԾ, որի տվյալներն ենք պարտավոր ներքին վարչարարությունն իրականացնելու համար հիմք ընդունել: Բայց 22 տոկոսը, որ ԱՎԾ-ն հայտարարել է որպես չհաշվվող տնտեսություն, այդտեղ էլ մեթոդաբանության խնդիր կա, թե ինչ բան է չհաշվարկված տնտեսություն, ինչ բան է ստվերային տնտեսություն, դրանք մեթոդաբանական խնդիրներ են, և կարող են 50 տոկոսն ու 22 տոկոսը համադրելի տվյալներ չլինել»,- ասաց Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ ոլորտային ստվերի գնահատման մեթոդաբանություն են մշակում, որը պետք է ավտոմատացվի, և օնլայն ռեժիմով հարկունակ ստվերի ոլորտային գնահատման համակարգ ստեղծվի:

Լրագրողները խնդրեցին, որ ՊԵԿ նախագահը թիվ հրապարակի, թե ոլորտում որքան ստվեր կա, բայց Անանյանը նշեց, որ նման թիվ չունի: «Ես գիտեմ, թե տարբեր ոլորտներում հիմնական խաղացողների և հարկ վճարողների մոտ իրական ստվերի բացահայտման ինչպիսի գործիքակազմ ունենք և ինչպես ենք պայքարում»,- ասաց նա:

Հարցին` գնահատական չունի՞, թե ստվերը տվյալ ոլորտում ինչքան է, նա ասաց` իհարկե, չունի: «Մենք ոլորտների նկատմամբ մեր պատկերացումներն ունենք, բայց դրանք մեր ներքին աշխատանքային դատողություններն են»,- ասաց նա:

Անանյանը նշեց, որ ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է:


Ամալյա Առաքելյան