Վիեննայում ավարտվեց Փաշինյան-Ալիև հանդիպումը (թարմացվող, տեսանյութ)

14:00 • 29.03.19

17։16

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արդեն լքել են հյուրանոցը, իսկ երկու երկրների արտգործնախարարներն ու համանախագահները դեռ հյուրանոցում են։ Հանդիպումից հետո բանակցող կողմերը որևէ հայտարարություն չեն արել։ 




16։46

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը տևեց մոտ երկու ժամ։ Tert.am-ի թղթակիցը Վիեննայից հաղորդում է, որ այս պահին հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով՝ քննարկմանը նորից միացել են համանախագահները և արտգործնախարարները։ Սա այն փուլն է, երբ ամփոփվում են 2-ժամյա բանակցությունների արդյունքները:

Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդլայնված բանակցություններից հետո նախատեսվում է համատեղ հայտարարություն: Թե ինչ ֆորմատով կլինի հայտարարությունը՝ ղեկավարների, համանախագահների, թե արտգործնախարարների մակարդակով, դեռևս պարզ չէ:

Հիշեցնենք, որ սա Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումն էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմակերպմամբ: Նախորդ երեք հանդիպումները, որոնք տեղի էին ունեցել Դավոսում, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում չէին կրում պաշտոնական բնույթ:





14:43

Ընդլանված կազմով հանդիպումը ավարտվեց: Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:




14:00

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մեկնարկեց Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը, որն, ըստ օրակարգի, կտևի 2 ժամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննա էր ժամանել երեկ:

Նշենք, որ մինչ այս Փաշինյանն ու Ալիևը շփումներ են ունեցել Մոսկվայում, Դուշանբեում և Դավոսում։

Վիեննայում արարողակարգով հանդիպման տևողությունը սահմանված է երկու ժամ,  կողմերը կպահպանե՞ն սահմանված ժամը կամ որքան կտևի հանդիպումը, հայտնի չէ։

Նշենք, որ երկու երկրների հանդիպման համաձայնության մասին համանախագահները հայտարարել էին Երևան այցից հետո։ 

Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակելու Արցախը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավելու շուրջ։

Վարչապետը Ազգային ժողովում շեշտել էր՝ մեկնաբանություններ կան, թե դա ենթադրում է բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ, սակայն դա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել։

ՀՀ վարչապետը Վիեննայի հանդիպումից երկու օր առաջ ազգային ժողովի ամբիոնից նշել էր, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները չպետք է կոնկրետ օրակարգ ունենան, պետք է լինի հարցերի լայն շրջանակ և պետք է մտքեր փոխանակեն տարբեր հարցերի վերաբերյալ։

Նշենք նաև,որ համանախագահների  միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի առաջին դեմքերի մակարդակով հանդիպում եղել է 2017-ի նոյեմբերին՝ Ժնևում։ Դա Սարգսյան-Ալիև հանդիպումն էր ապրիլյան պատերազմից հետո, այդ հանդիպումից հետո, ըստ էության՝ բանակցությունները սառեցվել էին։

 





Վիեննայում ավարտվեց Փաշինյան-Ալիև հանդիպումը (թարմացվող, տեսանյութ)