Պահանջում ենք, որ իրավական համակարգը գործի պատշաճ՝ ապահովելով Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտումը. Արծվիկ Մինասյան
Հայ հեղափոխական դաշնակցությունը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով բացահայտել Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը:
«6 տարի է չի դադարել հանրային պահանջը բացահայտելու այս ստոր արարքի պատվիրատուներին, օժանդակողներին: 6 տարի է անընդհատ թե՛ Պռոշյան համայնքի, թե՛ բոլոր բնակավայրներում Հրաչ Մուրադյանին ճանաչող մարդիկ հետևողական են սպանության բացահայտման հարցում: Պահանջում ենք, որ իրավական համակարգը գործի պատշաճ՝ ապահովելով լիարժեք բացահայտումը: Այնինչ, մենք հանդիպում ենք իրավական համակարգի անտարբերության: Սա անթույլատրելի է»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ սպանության նախորդել էին մի շարք փորձեր, որոնց նպատակը Հրաչ Մուրադյանին սպանելն էր: «Եղել է գույքի հրկիզում, արհեսական վեճ են հրավիրել, առևանգման փորձ է կատարվել: Ընտրական գործընթացի ժամանակ նրա նկատմամբ ապօրինի գործողություններ են եղել, որի նկատմամբ իրավական համակարգը անտարբեր էր, փորձ էր արվում քողարկել, ստեղծել կեղծ պատրանքներ, թե իբր այս ամենում Հրաչ Մուրադյանն է մեղավոր: Ապացույցների կեղծման միջոցով փորձել են շեղել ամբողջ քրեական գործը»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ «Դաշնակցության Աստվածն այնքան մեծ է», որ կարող են շատ ավելի մեծ բաներ անել, բայց օրենքի երկրում ցանկանում են հավատալ պետական-իրավական համակարգին, որը պարտավոր է պաշտպանել ՀՀ քաղաքացու իրավունքը:
Նա նշեց, որ իշխանությունները միշտ ասել են, որ շահագրգիռ են բացահայտման հարցում, բայց իրականությունն այլ է:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ, Արցախյան պատերազմի մասնակից Հրաչ Մուրադյանը սպանվել է 2013-ի ապրիլի 2-ին համայնքապետարանի շենքի դիմաց:










