ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեց «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին (տեսանյութ)

17:32 • 02.04.19

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեց «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցների հետ ծաղիկներ խոնարհեց ապրիլյան զոհերի շիրիմներին:

Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Դիտարկմանը, թե կան տեսակետներ, որ 2016թ-ին ապրիլյան պատերազմը նրա իմացությամբ է տեղի ունեցել, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:

Մյուս հարցերին Սերժ Սարգսյանը չպատասխանեց:

Մինչ այդ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրը համազգային համախմբվածության, հիշատակի, սգո և հպարտության օր է:

«Ցանկացած պարագայում ոտնձգությունը ՀՀ-ի և ԱՀ-ի հանդեպ պետք է կանխվի և այստեղ եթե անգամ Նիկոլ Փաշինյանի գերագույն հրամանատարության օրոք, Աստված հեռու պահի, լինի նոր պատերազմ, բնականաբար քաղաքական տարաձայնությունները պետք է մղվեն երկրորդ պլան և հասարակական, քաղաքական, ժողովրդավարական համախմբում պետք  տեղի ունենա: Կարևորը չկորցնել այն արժեքը, որի համար իրենց կյանքը զոհել են այստեղ հանգչող տղաները: Մենք, իհարկե, պետք է ունենանք տարաձայնություններ, բայց արժեհամակարգի մեջ պետք է լինեն տաբուներ, որոնք ներքաղաքական գզվռտոցի թեմա չեն»,-ասաց Աշոտյանը:

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ պետք է ցանկացած դեպքում պատրաստ լինել առերեսվելու վտանգին և պատասխանելու: «Նույն կերպ, ինչպես ապրիլին ԶՈւ-ն հերոսաբար արձագանքեցին այդ մարտահրավերին՝ մեր երկիրը, ԶՈւ-ն անկախ որոշ իրավիճակներից, պետք է պատրաստ լինեն արձագանք տալու: Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է և Արցախի հարցը կենսական հարց է, գոյատևման, առաջընթացի ինքնության հարցն է: Որևէ բան չի փոխարինել այն մարտահրավերին, որը մեր ազգի առաջ կա՝ պատրաստ լինել համախմբելու, ինչպես համախմբվեցինք ապրիլին, մարտունակ լինել, ինչպես մարտունակ էր ապրիլին և մշտապես ազգ-բանակ լինելու, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի մեր անվտանգության, ապագայի հետ կապված նենգ ծրագրեր կառուցել»,-ասաց նա:

Կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ 2016-ին տեղի ունեցածը աշխարհին ցույց տվեց, որ ցանկացած ժամանակահատվածում հայ ժողովուրդը կարող է լինել միասնական, միավորվել, երբ խնդիրը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը: Ներխուժմանը դիմակայեցին մեր երիտասարդները, մեր զոհերը, նրանց մայրերի առաջ ես խոնարհվում եմ: Դա դաս պետք է լիներ ոճրագործներին, որ չի կարելի նման լեզվով խոսել մեր երկրի հետ: Նման իրավիճակների  դեպքում մեր ազգը միասնական է՝ Հայաստանը-Սփյուռքը –Արցախը»,-ասաց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի շուրջ պատրաստ է նստել Սերժ Սարգսյանի հետ և քննարկել, արդյոք հնարավո՞ր է նման ձևաչափով հանդիպում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր է եղել, նման հարց չի եղել և երբ հարցը վերաբերվել է Արցախին կամ հայ-թուրքական հարաբերություներին, մենք ընդդիմադիր կեցվածք չենք ունեցել, եղել ենք միասնական: Արցախի հարցում էլ պետք է միասնական, միաբանված լինենք և  ազգովի այդ խնդիրը պետք է լուծվի»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո Արմեն Աշոտյանը նշեց, որ նախկին նախագահը  շուտով լրագրողների հարցերին կպատասխանի: «Գիտեմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը սպասված է, պահանջված է, և գրեթե մեկ տարվա լռությունը պակաս խոսուն չէ, քան իր հնարավոր հարցազրույցը, ամեն ինչ ունի իր քաղաքական պատեհ պահը, քաղաքական տրամաբանությունը և այդ տրամաբանության մեջ Սերժ Սարգսյանը խոսելու է: Սերժ Սարգսյանը մնացել է ակտիվ քաղաքականության մեջ, քաղաքական առաջնորդական խոսքը շուտով դառնալու է քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս»,-ասաց նա: Աշոտյանը նշեց, որ երբ որոշի խոսել,  խոսելու է հայկական լրատվական դաշտի հետ:

«Քննարկվում են տարբեր ձևաչափեր, արդեն տարբեր լրատվամիջոցներից՝ հեռուստաընկերությունների և առցանց լրատվականներից ունենք տասնյակ հրավերներ»,-ասաց նա: