Իմացել ենք, որ ինչ-որ բան լինելու է, բայց ոչ այդ ծավալի, ենթադրել ենք՝ դիվերսիոն գործողություն կլինի. Լևոն Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին

22:32 • 02.04.19

Մենք իմացել ենք, որ գործողություն լինելու է, բայց ոչ այդ ծավալի. Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Արցախի ՊԲ նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հայտարարությանը, թե ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև Մնացականյանը տեղյակ են եղել հարձակման հավանականության մասին և, ըստ էության, համարժեք քայլեր չեն ձեռնարկել: 

Մնացականյանը նշեց, որ ԱՀ նախագահի մոտ ԱԱԽ նիստ չի եղել, ընդհանուր իրավիճակի վերաբերյալ վերլուծական է եղել: «Ինֆորմացիա եղել է, որ որոշ բան լինելու է, պարբերաբար միշտ էլ եղել է, բայց ենթադրել ենք, որ դիվերսիոն գործողություն կլինի, որովհետև այդ ժամանակ հիմնականում կային դիվերսիոն փորձեր համարյա բոլոր ուղղություններով: Նախքան ընդհանուր գործողություններ սկսելը բանակի լրացուցիչ ուժերն արդեն տեղում էին գտնվում, քայլեր էինք ձեռնարկել, բայց ոչ մի տեղից ինֆորմացիա չի եղել, որ հնարավոր են այդ ծավալի գործողություններ»,-ասաց նա և հավելեց, որ ԼՂՀ ՊԲ-ն նախօրոք էր որոշակի գործողություններ արել և եթե արած չլիներ, հետևանքներն այլ կլինեին:

Լևոն Մնացականյանը նշեց, որ, իհարկե, Վարդան Ավետիսյանն այդ ինֆորմացիային չի տիրապետում, և ի պաշտոնե իրավունք էլ չունի տիրապետել, բայց եթե նրան ինչ-որ մեկը ասել է, գոնե այս երեք տարիների ընթացում խորհրդակցությունների ժամանակ կամ թեկուզ ուղղակի հարցնելով կարող էր ստանալ այդ պատասխանը:

«Ինչո՞ւ նա տվյալ հարցին անդրադառնում է երեք տարի հետ և այնպիսի կայքում, որ այդքան էլ ճանաչելի չէ, և ինչո՞ւ տվյալ բարձրագույն սպան պատասխանում է հետևյալ կերպ: Երբ համեմատում եմ նրա հարցազրույցը «Երկրամաս» հեռուստաընկերությանը ապրիլի 14-ին, 180 աստիճանում տարբերվում է: Մյուսում ասում է՝ հաղթանակի ոգին թևածում է Արցախում, հիմա էլ ասում է՝ տեղյակ ենք եղել, ամբողջական ցուցումներ չեն տրվել, ինչը անհասկանալի էր: Անհեթեթություն է, նման բան չի եղել, կցականայի ծավալվել, բայց գաղտնիությունը հրապարակել չի կարելի»,-ասաց նա:

Մնացականյանը նշեց, որ շարունակում է մնալ նույն համոզման, որ 2016թ.-ի ապրիլին տեղի ունեցածը պատերազմ էր, և դա ասել են բազմակողմանի վերլուծության արդյունքում: Լևոն Մնացականյանը նշեց, որ, իհարկե, այդ պատերազմից պետք է որոշակի դասեր քաղել ու փոփոխություններ մտցնել բոլոր ուղղություններով, առաջին հերթին նման միջոցների դեմ պայքարի հնարավորությունները մեծացնեն, ինչն էլ արվել է: Պաշտպանության վրա են շեշտը դրել, բարձրացրել են զինծառայողների անվտանգության աստիճանը և նման միջոցներից խոցման հնարավորությունները, նաև հաստիքային, կառուցվածքային փոփոխություններ են կատարել, տեխնիկապես են վերազինվել, ինչը շարունակական կլինի:

Նախկին ՊԲ նախարարը նշեց, որ հերթական անգամ համոզվում է, որ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը հանդիսանում է հենց ՊԲ-ն, որը ապացուցեց 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, որը կատարվեց ի շնորհիվ հրամանատարների ու զինվորների, որ կողք կողքի մարտնչում էին և, ցավոք, նաև կորուստների գնով:

«Հենց նրանք են ձախողել հակառակորդի պլանները, որոնք նախատեսված էին Արցախի Հանրապետության հանդեպ»,-ասաց նա: Լևոն Մնացականյանը նշեց, որ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմականն է, և պետք  է պատրաստվեն մարտական գործողությունների. «Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»,-ասաց նա: