Մեքսիկայում մարդկանց առքուվաճառքով զբաղվող անձանց ձեռքից շուրջ 330 ներգաղթյալի են ազատել

10:13 • 02.04.19

Մեքսիկայի գլխավոր դատախազության աշխատակիցները դեպի ԱՄՆ մարդկանց «մատակարարմամբ» զբաղվող անձանց ձեռքից 338 օտարազգի ներգաղթյալ են ազատել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դատախազության հայտարարության համաձայն՝ Չիապաս նահանգում կանգնեցվել է միանգամից 5 ավտոբուս, որոնք տեղափոխելիս են եղել հիմնականում Կենտրոնական Ամերիկայից՝ Գվատեմալայից, Հոնդուրասից, Էլ Սալվադորից և Նիկարագուայից ժամանած գաղթականների: Նրանց թվում 157 երեխա է եղել: Տեղում ձերբակալվել է 15 մարդ, որոնք կասկածվում են ապօրինի գաղթականների տեղափոխման համար:

Հիշեցնենք, որ Կենտրոնական Ամերիկայից գաղթականների «քարավանների» զանգվածային հոսքը դեպի ԱՄՆ սկսվել է անցած տարվա աշնանը: Արդյունքում Միացյալ Նահանգների հարավային սահմանին մի քանի հազար գաղթական է կուտակվել: ԱՄՆ իշխանությունները սահմանին հսկողությունը և ապօրինի ներգաղթի դեպքերը կանխելու նպատակով զինծառայողներ են տեղակայել:

Հայտնի է, որ գաղթականներից շատերը նարկոկարտելների զոհ են դարձել: Իրավապաշտպանները հայտնում են, որ Մեքսիկայում տարեկան ապօրինի ներգաղթյալների առևանգման միջինը 20 հազար դեպք է գրանցվում: Առևանգիչները սովորաբար մեկ մարդու ազատման դիմաց 2 հազար դոլար են պահանջում: