Սպիտակ տունը կարող է ԱՄՆ հարավային սահմանի հսկողության հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակել. CNN

11:58 • 02.04.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է հատուկ ներկայացուցչի պաշտոնի նշանակման հնարավորությունը, որը կհետևի Միացյալ Նահանգների հարավային սահմանին Լատինական Ամերիկայից ներգաղթյալների հոսքը կրճատելու ուղղությամբ ամերիկյան իշխանությունների ջանքերի իրագործմանը: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պաշտոնյայի պարտականությունների մեջ կմտնի ԱՄՆ հարավային սահմանին ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով տարբեր գործակալությունների և քարտուղարությունների գործողությունների համակարգումը:

Հատուկ ներկայացուցչի պաշտոնին կարող են հավակնել Քանզաս նահանգի նախկին քարտուղար Քրիս Քոբահը, Վիրջինիա նահանգի նախկին գլխավոր դատախազ, այժմ CNN-ի քաղաքական տեսաբան Քեն Կաչինելլին:

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր Մեքսիկայի հետ սահմանը փակելու հնարավորության մասին: Ավելի ուշ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ նախագահը նկատի է ունեցել սահմանը փակել ոչ թե ներգաղթյալների, այլ առևտրային մատակարարումների համար:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ տարեկան Կենտրոնական Ամերիկայի մի քանի հազար բնակիչ փորձում է Մեքսիկայի տարածքով ԱՄՆ հասնել: Նրանցից ոմանք հաճախ մարդկանց առքուվաճառքով զբաղվող անձանց կամ հանցավոր խմբավորումների զոհ են դառնում:

Հիշեցնենք, որ Կենտրոնական Ամերիկայից գաղթականների «քարավանների» զանգվածային հոսքը դեպի ԱՄՆ սկսվել է անցած տարվա աշնանը: Արդյունքում Միացյալ Նահանգների հարավային սահմանին մի քանի հազար գաղթական է կուտակվել: ԱՄՆ իշխանությունները սահմանին հսկողությունը և ապօրինի ներգաղթի դեպքերը կանխելու նպատակով զինծառայողներ են տեղակայել: