Հայկ Մարությանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են 2 երկրի ՏԻ մարմինների միջև համագործակցությանը

19:10 • 02.04.19

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսիին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանը կարևորում է ամերիկյան քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքապետը դեսպան Թրեյսիին ներկայացրել է մայրաքաղաք Երևանի հիմնական առաջնահերթություններն ու խնդիրները և հույս հայտնել, որ քաղաքի զարգացման ծրագրերում ամերիկյան կողմն իր մասնակցությունը կունենա:

«Համոզված եմ, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցությունը կշարունակվի, Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ է աջակցելու  դեսպանությանը», - ասել է Հայկ Մարությանը։

Իր հերթին Միացյալ Նահանգների դեսպանը կարևորել է ԱՄՆ-ի և ՀՀ-ի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը՝ նշելով, որ դեսպանությունն իր կողմից հնարավորինս կնպաստի այդ համագործակցության խորացմանը: 

«Միացյալ Նահանգները շարունակում է սատարել տեղական ինքնակառավարման ամուր համակարգի կայացմանը Հայաստանում: Ուրախ եմ, որ առիթ ունեցա քաղաքապետարանում հանդիպելու Ձեզ և վերահաստատելու Երևանի քաղաքապետարանի հետ հետագա համագործակցության մեր պատրաստակամությունը», - նշել է դեսպան Թրեյսին: