Ապրիլյան պատերազմը նախևառաջ սթափեցրեց, որ թվացյալ խաղաղությունը երկար չի կարող լինել. ապրիլյան պատերազմի մասնակից
Ապրիլյան պատերազմից քաղած առաջին դասը «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամ Հրանտ Սարկիսովի համար գիտակցումն էր, որ Հայաստանը և Արցախը պատրաստ են հետ շպրտել հակառակորդին ու պարտադրել հրադադար:
«Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմից դաս քաղեց հակառակորդը և հետևություն արեց, որ հայկական բանակը դեռևս ամենամարտունակն է տարածաշրջանում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Նա նշեց, որ ապրիլի 2-ին մարտական հերթապահություն էին իրականացում և տեղյակ էին, որ արդեն տվել են առաջին զոհը, հակառակորդը անցավ լայնածավալ հարձակման՝ միտում ունենալով գրավել Ստեփանակերտը:
Հրանտ Սարկիսովը, անդրադառնալով զինգրքույկների նշումների խնդիրներին, ասաց, որ ոչ բոլոր ստորաբաժանումներն են մասնակցել մարտական գործողությունների. «Նույնականացնելը, կարծում եմ, ազնիվ չէ մարտական գործողությունների մասնակիցների համար», - ասաց նա:
Միության անդամ Ժորա Աֆրիկյանն էլ նշեց, որ ապրիլյան պատերազմում հայոց բանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ զենքի ուժով իր հետ խոսել չեն կարող: «Ադրբեջանական բանակի փորձառու զինվորականների կողմից մշակված բլից-կրիգը տապալվեց հայ զինվորի կողմից»,- ասաց նա:
Անդրադառնալով է այդ օրերին եղած խնդիրներին՝ նա նշեց, որ այդ ամենը չափազանցված էր: «Միֆ էր տարածված, որ այդ օրերին այդքան խնդիրներ են եղել: Չկա աշխարհում մի բանակ, ուր խնդիրներ չկան, և դրանք պատերազմի ընթացքում երևում են»,-ասաց նա:
Միության անդամներից Հայկ Թորոսյանն էլ նկատեց, որ ապրիլյան պատերազմը, նախևառաջ սթափեցրեց, որ թվացյալ խաղաղությունը երկար չի կարող լինել և ցույց տվեց, որ հայ զինվորը մարտունակ է: Նա նշեց, որ ներկայումս պատշաճ օգնություն է տրամադրվում վիրավորներին՝ կապված անձի ֆիզիկական վիճակից և պետության ունեցած ռեսուրսներից: «Պատերազմից հետո լինում են այնպիսի դեպքեր, որ պատերազմի հետ կապ չունեցողները ներկայացնում են, թե խնդիր ունեն», - ասաց նա:
Ինչ վերաբերում է ապրիլի երկուսը հիշատակի օր համարելու առաջարկին՝ Հրանտ Սարկիսովը նշեց, որ համաձայն է վարչապետի ասածին, որ օրացույցի հետ պետք է զգույշ վարվել՝ ընդգծելով, որ եթե այդպես է, ապա 2014 թվականի օգոստոսին ևս շփման գիծը եղել է թեժ և այդ օրն էլ պետք է հիշատակի օր դարձնել:










