Շատ գեներալներ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը, վաղուց պետք է հրաժարական տային. բանակում մաքրման աշխատանքներ են պետք. Արկադի Կարապետյան

22:08 • 03.04.19

Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Արկո) կարծում է, որ թե´ Արցախի, թե´ Հայաստանի Հանրապետության բանակներում պետք է կատարվեն մաքրման աշխատանքներ:

Tert.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ ԱՀ ՊԲ հրամանատարի արդեն նախկին տեղակալ Սամվել Կարապետյանը և մի շարք այլ գեներալներ վաղուց պետք է հրաժարական տային:

-Պարոն Կարապետյան ի՞նչ տեսակետ ունենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հրաժարականի վերաբերյալ: Բանակի համար ռիսկեր չեք տեսնո՞ւմ՝ հաշվի առնելով նաև այն, որ մամուլում շրջանառվում է, թե մյուս տեղակալները ևս պետք է հրաժարական տան: Սա ռիսկայի՞ն չէ:

-Չէ, ռիսկային չէ, նույնիսկ կասեի ավելի լավ, ինչքան շուտ ազատվեինք իրանցից, այնքան լավ: Ունենք շատ գեներալներ, որոնք իրենց տեղում չեն, թե´ Արցախի բանակում, թե´ ՀՀ-ում, Սամվել Կարապետյանն էլ բացառություն չէ: Մեր բանակը ընդհանրապես մաքրման կարիք ունի: Ճիշտ է, շատ սեղմել բանակի վրա չի կարելի, նուրբ հարց է, նմանատիպ մաքրումներ, որ անում են նաև կարգին մարդիկ, կադրեր են դուրս մնում: Երբ վատ մեկին հեռացնում են, հետն էլ տասը լավ կադրի են հեռացնում: Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցն է, մենք դեռ ո՛չ անալիզ ենք արել, ո՛չ հետևություն, ոչ էլ պատժել ենք: Իսկ շատ սպաների, ովքեր, որ այդ օրերին իրոք կռվել են, բանակից կամ հանել են, կամ էլ պաշտոնները իջեցրել են, իսկ ով իրեն նորմալ չի դրսևորել, հիմա էլ լավ պաշտոնի է: Մեծ աշխատանք է պետք տանել, դա էական է մեր հետագա բարդությունների համար:

-Կարծում եք, որ Սամվել Կարապետյանը ապրիլյան պատերազմի մասով պետք է պատասխանատվության ենթարկվի՞, չպետք է բավարարվել նրա հրաժարականո՞վ:

-Ես դա չասեցի, ես ասում եմ, որ բանակում թերություններ կան ապրիլյան պատերազմի հետ կապված, չեն ուսումնասիրվել բազմաթիվ հարցեր, մարդկանց գործից հանել են, որովհետև կռվել են, չեն սպասել, որ իրենց հրաման տան, իսկ հրամանը այդպես էլ չեն տվել: Զորահավաքը շատ վատ էր կազմակերպված, ժողովուրդը հաղթել է, իշխանությունը պարտվել: Ես որ ասում եմ գեներալները պետք է հրաժարական տան, չեմ ասում, որ բոլորը, բայց կան գեներալներ, որոնք շուտ պետք է հրաժարական տային, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանի անունը չեմ ասում ապրիլյան պատերազմի մասով, նկատի ունեմ առհասարակ իր դերի պատճառով:

-Ձեր կարծիքով ինչպիսի՞ կադրային քաղաքականություն պետք է վարել:

-Պետք է հետևողականորեն ուսումնասիրել մեր սխալները, հետևություններ անել ապրիլյան պատերազմից, նոր կադրեր նշանակել, կրկնեմ՝ շատ լավ կադրեր տուժել էին հրամանին չենթարկվելու պատճառով: Որ հրամանին ենթարկվեին, մեծ տարածք կկորցնեինք, ավելի շատ զոհեր կունենայինք: Ապրիլյանից պետք է դասեր քաղել: Դեռ ունենք գեներալներ, որոնց թվում է, թե կռիվը մենակ ավտոմատով են անում: Մինչև էսօր չեն կարողանում հասկանալ, թե անօդաչուն ինչ է: Բանակում այլ խնդիրներ էլ կան, սպայի դերը շատ է նսեմացրած, սպան սպա պիտի լինի, զինվորը՝ զինվոր, ժողովրդավարություն բանակում չի կարող լինել, դա կործանարար է:

Ուզում եմ, անպայման, շեշտել, որ բանակի զարգացման համար կարևոր է նաև զենքի արտադրությունը, հեղափոխությունից մի տարի է անցել, բայց էլի մեծ թափով զենք չենք արտադրում: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ սուղ պայմաններում դաշտում զենք էինք արտադրում: Որ պետությունը զենք չի արտադրում, ինքնիշխան չէ, ինչքան ուզում է լավ խոսքեր ասեն:

Անհրաժեշտ է ստեղծել նաև աշխարհազոր. մեր հաղթանակների գրավականը դա է: