ՍՈՒ-30 կործանիչների համար վճարվել է նաև կանխիկ. ձեռքբերման սխեմա կա, փակագծերը չպետք է շատ բացել. Արծրուն Հովհաննիսյան
Մենք չենք ասել, որ ՍՈՒ-30 կործանիչներն ամբողջությամբ ձեռք են բերվել վարկային միջոցներով, բայց չեմ կարող ասել, թե Ռուսաստանից գնած չորս ՍՈՒ-30 կործանիչներից քանիսն են ձեռք բերվել կանխիկ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» թերթի հրապարակմանը, թե ՍՈՒ-30 ռազմական օդանավերից 2-ի համար վճարվել է կանխիկ, և այդ միջոցները գոյացել են օլիգարխների կողմից ՊՆ-ին կատարված կամավոր պարտադիր վճարումներից:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կործանիչների համար վճարվել է նաև կանխիկ գումար՝ ընդհանուր ծրագրի շրջանակում:
«Վճարել է ՀՀ-ն: ՊՆ-ն ծրագիր է ներկայացնում, բանակցվում է, հիմնավորվում է, գումարը հատկացնում է Ֆինասների նախարարությունը»-նշեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք այդ միջոցները գոյացել են օլիգարխների վճարումների՞ց, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կապ չունի, թե որտեղից է գոյացել, դրանք համարվում են ՀՀ միջոցներ:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ձեռքբերման սխեմա կա, փակագծերը չպետք է շատ բացել, կան դասակարգված տեղեկություններ:
Հիշեցնենք, որ հունվարի 30–ին հայտնի դարձավ Հայաստանի՝ ՌԴ–ից ՍՈՒ–30 ՍՄ–ներ գնելու պայմանագրի մասին։ Ռուսական «Կոմերսանտ» թերթը հաջորդ օրը հայտնել էր, որ ըստ իրենց տեղեկությունների, գործարքի արժեքը 100 մլն դոլար է, որով գնվել է 4 կործանիչ։
Մատակարարումը, ըստ ռուսական աղբյուրի, սպասվում է 2020թ.։










