Գարեգին Խումարյանն ի սկզբանե է եղել հավանական թեկնածուների ցանկում. Արա Շիրինյանի պարզաբանումը

16:32 • 03.04.19

Գարեգին Խումարյանն ի սկզբանե եղել է հավանական թեկնածուների ցանկում, ընդհանրապես 5 հոգի, թե 7 հոգի կհայտնվի հավակնորդների ցանկում՝ հանձնաժողովի ցանկությամբ է որոշվում:Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորանշանակակ նախագահ Արա Շիրինյանը՝ անդրադառնալով Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի մրցույթին դիմած Հռիփսիմե Առաքելյանի գրառմանը:

«Ես որևէ կապ չունեմ դրա հետ, հանձնաժողովի անդամ չեմ, ոչ էլ մասնակցել եմ քվեարկությանը, իրենք են կայացրել այդ որոշումը»,-ասաց Արա Շիրինյանը:

Հարցին՝ մրցույթի թեկնածուները իրավունք ունե՞ն իմանալ՝ հայտնվե՞լ են հավակնորդների ցուցակում, թե՞ ոչ, Շիրինյանը պատասխանեց՝ «Չպետք է իմանան: Այդ ցանկը աշխատանքային խմբի ներքին աշխատանքային կարգն է»:

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում հայտնում էր, որ Հանրային ռադիոյի նորանշանակ Գարեգին Խումարյանը մինչև երեկ չի եղել Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնին հավակնորդների 5-յակում: