Սիրիայում հայ սակրավորների խումբը նոր ղեկավար ունի
Սիրիայում գտնվող հայկական հումանիտար առաքելության կազմում գործող սակրավորների խումբը նոր ղեկավար ունի, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։
«Ականազերծման խմբի ղեկավարը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանն է», - տեղեկացրեց նա։
Էլբակյանը նշեց, որ ականազերծման խմբի ղեկավարի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել մարտի 7-ին, երբ Սիրիայում ականի պայթյունի հետևանքով հայ սակրավոր է վիրավորվել, ով եղել է ականազերծման խմբի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ոտնաթաթը կորցրած հայ սակրավորը Մոսկվայում ապաքինվում է։
«Այս պահին նա գտնվում է Մոսկվայում: Դեռևս ապաքինման փուլում է», - մանրամասնեց Նազելի Էլբակյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ՝ ընդհանուր 83 անձ, ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ)՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
Նշենք նաև, որ Մարտի 7-ին Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում պայթյունի հետևանքով հայ սակրավոր է վիրավորվել։










