«Հողմատուրբինների աղմուկը քաղցկեղ է առաջացնում». Թրամփին ծաղրել են տարօրինակ պնդման համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կասկածելի հայտարարությամբ՝ նշելով, որ արդյունաբերական հողմատուրբիններից եկող աղմուկը քաղցկեղ է առաջացնում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահն այդ մասին ասել է Հանրապետական կուսակցության ազգային կոնգրեսական հանձնաժողովի ընթրիք-դրամահավաքի ժամանակ:
«Հիլարին (Քլինթոն) ցանկանում էր, որ ամենուրեք հողմատուրբիններ լինեին: Ասեմ, որ եթե որևէ մեկի տան հարևանությամբ հողմատուրբին կա, ապա շնորհավորում եմ՝ այդ տան գինը նվազում է 75%-ով: Նրանք ասում են, որ դրանց աղմուկը քաղցկեղ է առաջացնում»,-ասել է Թրամփը՝ ձեռքն օդում հողմատուրբինի պես պտտելով:
Պարբերականը նկատում է, որ Թրամփի արած հայտարարությունը որևէ գիտական հիմք, ապացույց չունի: Թեև որոշ մասնագետներ պնդում են, որ հողմատուրբինները բացասական ազդեցություն են գործում մարդկանց առողջության վրա, այնուհանդերձ՝ աղմուկի և քաղցկեղի կապի մասին խոսք անգամ չկա:
Նշվում է, որ բազմաթիվ թվիթերյան օգտատերեր Թրամփին ծաղրել են նման բան ասելու համար:
«Մեր նախագահն ուղղակի հանճար է: Նա հայտնի է որպես մարդկանց՝ հողմատուրբինների աղմուկից առաջացող քաղցկեղից պաշտպան»,-գրել է նրանցից մեկը:
Մինչդեռ օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել է, թե նախագահն ինչ աղբյուրների է հղում անում. «Ուզում եմ, որ ինչ-որ մեկը բացահայտի՝ ովքե՞ր են Թրամփի հիշատակած «նրանք»-ը: «Նրանք ասում են, որ հողմատուրբինները քաղցկեղ են առաջացնում, նրանք ասում են՝ Օբաման ԱՄՆ-ում չի ծնվել, նրանք ասում են, որ Թրամփն ԱՄՆ պատմության մեջ ամենահզոր նախագահն է»: Այդ «նրանք»-ն ասելու շատ բան ունեն, սակայն ոչ ոք չգիտի՝ ովքեր են նրանք»:










