Գուաիդոն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից. այժմ Վենեսուելայի իշխանությունները կարող են ձերբակալել նրան

10:28 • 03.04.19

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչը երկրի իշխանություններին նրան ձերբակալելու հնարավորություն է տալիս:

Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին ենթարկվող սահմանադիր ժողովը քվեարկել է Գուաիդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին:

«Արդարության ժամը մոտենում է»,-հայտարարել է ժողովի փոխնախագահ Տանյա Դիասը:

Մինչդեռ ընդդիմության առաջնորդը, մեկնաբանելով իշխանությունների որոշումը, նշել է, որ Մադուրոն փորձում է ճնշել համաժողովրդական ընդվզումը՝ ուղղված սեփական ժողովրդին խմելու ջրով, էլեկտրաէներգիայով ու աշխատատեղերով ապահովել չկարողացող բռնապետական ռեժիմի դեմ:

Գուաիդոն հայտարարել է, որ, անկախ ամեն ինչից, կշարունակի պայքարել Մադուրոյի «վախկոտ, զզվելի և մարդասպան» ռեժիմի դեմ:

«Նրանք կարծում են, որ իմ կամ իմ մերձավորների դեմ հարձակումներ անելով կվերացնեն ժողովրդի՝ փոփոխության հույսը: Սակայն փոփոխությունն արդեն տեղի է ունենում. մեզ ոչինչ չի կանգնեցնի: Եթե մենք այսքան մոտ չլինեինք Մադուրոյի պաշտոնանկությանը, ռեժիմն այսքան հուսահատ չէր լինի»,-հայտարարել է Գուաիդոն:

Բացի այդ, նա դիմել է իր աջակիցներին՝ կոչ անելով Մադուրոյի արածին պատասխանել լայնածավալ փողոցային ցույցերով:

Գուաիդոն նաև հայտնել է, որ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով արդեն խոսել է տասնյակ պետությունների արտգործնախարարների ու ղեկավարների հետ:

Պարբերականը մանրամասնում է, որ հունվարից ի վեր, երբ Գուաիդոն Մադուրոյին պաշտոնանկ անելու լայնամասշտաբ ակցիա է սկսել, ավելի քան 50 երկիր նրան ճանաչել է որպես Վենեսուելայի օրինական ղեկավար: Այդ երկրների շարքում են ԱՄՆ-ն, լատինամերիկյան պետությունների մեծ մասը, ԵՄ-ն:

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Մայք Փենսը Սպիտակ տանը հյուրընկալել են Գուաիդոյի 26-ամյա կնոջն ու վստահեցրել, որ իրենք «100%-ով իր ամուսնու ու նրա առաջնորդած հեղափոխության կողքին են»: