Վարչապետը որոշում է կայացնում իր լիազորությունների սահմանում. Վ. Կարապետյանը՝ վարչապետի աշխատակազմի պաշտոնանկությունների մասին
Լրացուցիչ բան չկա ասելու, հրապարակված է, տեղյակ եք. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի անդամների պաշտոնանկություններին։
Նշենք, որ երեկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը։ Ի դեպ, Մարգարիտ Ազարյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:
Թե ինչ հիմնավորմամբ են նրանք ազատվել պաշտոնից, մամուլի խոսնակն ասաց, որ չի կարող ասել, վարչապետի հետ չի խոսել այդ թեմայով, կճշտի՝ տեղեկացնի:
Իսկ թե արդյոք սպասվո՞ւմ են նոր պաշտոնանկություններ աշխատակազմում, Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ վարչապետը որոշում է կայացնում իր լիազորությունների սահմանում:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների՝ առաջիկայում աշխատանքից ազատվելու են նաև վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանն ու Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանը:










