2018 թ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի եկամուտը կազմել է 138 մլն դրամ. հայտարարագիր

19:27 • 03.04.19

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը 2019 թ. մարտի 31-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողով ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ դատավորը հարկային տարվա ընթացքում ձեռք է բերել 2,430,000 ՀՀ դրամ արժողությամբ 2 ավտոտնակ, ինչպես նաև 100,800,000 ՀՀ դրամով վաճառել է իր բնակարանը:

Մ. Մակյանը հարկային տարվա սկզբում փոխառության է հանձնել 54,000,000 ՀՀ դրամ, որի չափն անփոփոխ է մնացել հարկային տարվա ավարտին:

Դատավորի ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 22,000,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 44,600,000 ՀՀ դրամ:

ԱՄՆ դոլարով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 35,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 32,000 ԱՄՆ դոլար:

Մեսրոպ Մակյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումներից, նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոցներից և գույքի վաճառքից գոյացած գումարից:

2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ դատավորը ստացել է 8,202,171 ՀՀ դրամ, ինչպես նաև 29,000,000  ՀՀ դրամ՝ որպես տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում, 14,000 և 7,278 ԱՄՆ դոլար՝ որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցներ, 100,800,000՝ որպես գույքը օտարելուց ստացված եկամուտ: Այսպիսով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի տարեկան եկամուտը կազմել է 138,002,171 ՀՀ դրամ: