Ուկրաինան արգելել է Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցությունը

14:06 • 03.04.19

Ուկրաինայի կառավարությունն արգելել է Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցությունը, ինչն արել է նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցած Յուրի Բոյկոյի և «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի՝ Մոսկվա կատարած այցից հետո:

Ինչպես նշում է tass.ru-ն, համապատասխան որոշումը կայացվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ:

ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Բոյկոն և Մեդվեդչուկն օգտվել են երկրի օրենսդրությունում առկա սողանցքից և ուղիղ ավիաչվերթ կատարել դեպի Մոսկվա:

Ավակովի խոսքով՝ այդ դեպքից հետո ՆԳՆ-ն նախաձեռնել է որոշ փոփոխությունների իրականացում, որի արդյունքում Ուկրաինայի և «ագրեսոր երկրի» միջև ոչ կանոնավոր ավիահաղորդակցությունն անհնար կլինի:

Ավակովը միևնույն ժամանակ մանրամասնել է, որ տվյալ արգելքը չի տարածվելու միջազգային կազմակերպությունների՝  ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի կամ «Կարմիր խաչ»-ի առաքելությունների թռիչքների վրա: