«Ֆեյքերի» խնդրով ԱԱԾ-ի զբաղվելը վտանգավոր է, առանց հանրության առջև լուրջ երաշխիքների դա կարող է վտանգավոր դառնալ ժողովրդավարության համար. փաստաբան

21:03 • 04.04.19

Ազգային անվտանգության ծառայությանը «ֆեյքերով» զբաղվել հանձնարարելը վտանգավոր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի անդամ Գևորգ Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությանը՝ ԱԱԾ-ին մանիպուլյացիաներ անող «ֆեյքերին» կոշտ հակահարված տալու վերաբերյալ:

«Հասարակական կարծիքի մանիպուլյացիան կարող է ազգային անվտանգության խնդիր լինել։ Եթե օրինակ ադրբեջանական մեքենան քարոզչություն է իրականացնում կեղծ օգտատերերի միջոցով ՀՀ-ում քաղաքական ազդեցություն ունենալու և ինչ-որ բանի հասանելու համար, ապա այո, դա ազգային անվտանգության խնդիր է, և դրանով պետք է ԱԱԾ-ն զբաղվի: Որքանով են ներքին քաղաքական խնդիրները ազգային անվտանգությանը վերաբերում, բարդ հարց է, իսկ հասարակությանը կեղծ տեղեկատվությամբ մանիպուլյացիա անելը ժամանակակից գլոբալ ծանր թեմաներից մեկն է։ Սա նաև քաղաքական ուժերի միջև ոչ հավասար խաղի կանոններ է ստեղծում, որի արդյունքում կարող է տուժել հասարակությունը։ Սակայն ցանկացած պրոցես պետք է իրականցվի օրենքի շրջանակներում՝ ապահովելով թափանցիկություն և երաշխիքներ չարաշահումներից»,-նշեց նա։

Փաստաբանի դիտարկմամբ՝ այսօր մեր պետությունում չկա հստակ հայեցակարգ և կարգավորում, որը մի կողմից հանրային շահը կպաշտպանի մանիպուլյացիայից, և մյուս կողմից կհավասարակշռի խոսքի ազատությունը (այդ թվում անոնիմ կամ պսևդոանոնիմ ձևով իրականացվող).

«Սա երկու կողմ ունեցող խնդիր է։ Եթե կեղծ տեղեկատվության միջոցով մանիպուլյացիան հասարակության համար վտանգ է, ապա մյուս կողմից իրական խնդիրներով և ճիշտ ինֆորմացիայով հասարակական կարծիքի վրա ազդելը ոչ թե մանիպուլյացիա է, այլ ժողովրդավարության պաշտպանության կարևորագույն երաշխիք։

Բայց հակառակ կողմից վտանգը նույնպես կա. ԱԱԾ-ն փակ կառույց է, գրեթե ամեն ինչ անում է պետական գաղտնիքի ռեժիմով, որոշ դեպքերում ինչ-որ «տարօրինակ մեթոդներով», հանրության առջև հաշվետու չէ և չի գործում թափանցիկ. ԱԱԾ-ի աշխատանքի արդյունքները քննելու, հասկանալու և անհրաժեշտության դեպքում վիճարկելու գործիքները կամ չկան, կամ պրակտիկայում չեն աշխատում, և ով է ասում, որ պետք է «ֆեյքերին» հավատալու փոխարեն հավատալ միայն ԱԱԾ-ին»։

Փաստաբանը նշեց, որ  այսօր Հայաստանում ժողովրդավարության համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է անձամբ ուսումնասիրի, հասկանա՝ տեղեկատվության աղբյուրը վստահելի՞ է, թե՞ ոչ, հասկանա՝ դրանում որ տեղեկատվությունն է փաստ, որը գնահատական, և ձևավորի սեփական կարծիքը սեփական պատասխանատվությամբ և թույլ չտա դա անել ոչ «ֆեյքերին», ոչ էլ պետական կառույցներին։

«Առանց հանրության առջև լուրջ երաշխիքների և հաշվետվողականության՝ ԱԱԾ-ի կողմից «ֆեյքերով» զբաղվելը առկա իրավակարգավորումների և պրակտիկայի շրջանակներում կարող է վտանգավոր դառնալ Հայաստանում ժողովրդավարության համար»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար: Վարչապետը սա ազգային անվտանգության խնդիր էր համարել և հանձնարարել էր ԱԱԾ տնօրեն արթուր Վանեցյանին զբաղվել խնդրով։

«Հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ, որպեսզի այդ բաները՝ ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող «ֆեյքեր», որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի»,-ասել էր նա: