Եթովպիայում մեկ ամիս առաջ կործանված Boeing 737-ի օդաչուները փորձել են կանգնեցնել ինքնաթիռի անկումը. զեկույց

20:26 • 04.04.19

Եթովպիայում անցյալ ամիս կործանված Boeing 737 ինքնաթիռը մի քանի անգամ հանկարծակի վայրասլաց անկում է գրանցել նախքան գետնին հարվածելը: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում է ավիավթարի հետաքննության արդյունքում հրապարակված նոր զեկույցը:

Ինչպես նշվում է պաշտոնական զեկույցում, օդաչուները նախքան կործանունը հետևել են Boeing-ից ստացված հրահանգներին: Չնայած գործադրված ջանքերին՝ օդաչուներն «ի վիճակի չեն եղել վերահսկել օդանավը»:

Հիշեցնենք, որ Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ին՝ դառնալով 157 մարդու մահվան պատճառ: Օդանավն ընկել էր թռիչքի մեկնարկից 6 րոպե անց:

Դա հինգ ամսում երկրորդ խոշոր վթարն էր Boeing 737 Max օդանավի մասնակցությամբ: Անցյալ տարվա հոկտեմբերին Lion Air ավիաընկերությանը պատկանող օդանավը ծովն էր ընկել Ինդոնեզիայի մոտակայքում՝ խլելով 189 մարդու կյանք: