«Ռուսաստանաբնակ ավելի քան 500 չինարեցի ընտանիքի առաջինն ենք անդրադառնալու». Տավուշի  մարզպետը խոսել է վերադարձի մեծ ծրագրի մասին

16:21 • 04.04.19

 

«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, և նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար և շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը:

Առաջին գյուղը, որին անդրադառնալու ենք, Կրասնոդարից ավելի քան 250 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղ է, որտեղ ապրում են 500-ից ավելի չինարեցի ընտանիք: Նրանց հայացքն ուղղված է դեպի հայրենիք, որովհետև նրանք այնտեղ այնպես չեն ապրում, որպեսզի բավարարված լինեն իրենց ներկայով և ապագայով»,- Տավուշ հայրենակցական միության 9-րդ համագումարին այս մասին հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա նշել է, որ Տավուշի զարգացումն առանց բազմահազարանոց տավուշցիների, որ ճակատագրի բերումով գտնվում են Հայաստանից դուրս, հնարավոր չէ։ «Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, ուղիղ կապված է արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ։ Նրանց ստեղծարար ձիրքը պետք է օգտագործենք մեր երկրում նորանոր ծրագրեր իրականացնելու համար»,- ասել է մարզպետը։

Հայկ Չոբանյանը նշել է նաև «Տավուշ» հայրենակցական միության վերագործարկման անհրաժեշտության մասին։

«Մենք մեր շարքերում պետք է ունենանք երիտասարդ մարդիկ, որոնք իրենց ուսերին կտանեն «Տավուշ» հայրենակցական միության վերագործարկումը, ինչ որ տեղ՝ նաև հաճույքը, և ինչ որ տեղ՝ նաև հպարտությունը։ Հերիք է՝ նման կառույցները ծառայեցնենք քաղաքական նպատակների, ինչպես նախկին ժամանակներում։ Հենց այդ պատճառով շատերը չեն մասնակցել միության աշխատանքներին` այն համարելով քաղաքական կառույց։ Ոչ, այն քաղաքական կառույց չէ։ 

Եթե մենք ուզում ենք վաղը բաց ճակատով մտնել մեր հայրենիք, պետք է գնանք գործերի համար, լավ գործեր հայտարարելու համար, խնդիրները հաղթահարելու համար, ոչ թե խորոված ուտելու համար։ Հայրենիքն այլևս խորոված ուտելու տեղ չէ»։