Եռաբլուրում ավտոմեքենաներից գողություն կատարելու գործով կան կասկածյալներ. Վալերիյ Օսիպյան
Եռաբլուրում ավտոմեքենաներից գողություն կատարելու մեղադրանքով կան արդեն կասկածյալներ: Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Հանրության մոտ կարծիք է ձևավորվել, որ դեպքի ժամանակ այնտեղ եղել են իրավապահներ, դա մի փոքր այդպես չէ: Այո, անվտանգության նկատառումներով այնտեղ եղել են Ոստիկանության և այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ արարողակարգային միջոցառումն ավարտվել է, նրանց ծառայությունը նույնպես ավարտել է: Դա եղել է այն հատվածում, որը տեսանելի չէր ոստիկանների համար»:
Հարցին՝ արդյոք դա եղել է դիտավորություն, Օսիպյանը պատասխանեց՝ «Չեմ կարող ասել: Ով նման բան արել է, սրբություն չունեցող մարդ է»:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին՝ Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեքենաներ են թալանվել, որոնցից մեկն ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղային է պատկանել։ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ դեպքի բացահայտման հարցը վերցնում է իր անմիջական հսկողության տակ:










