Արարատ Միրզոյանը Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակության հետ խոսել է ՀՀ-Չինաստան տնտեսական ծրագրերի ընդլայնման մասին

17:58 • 04.04.19

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գորրծընկերներից է և փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում ունի կայուն զարգացող բնույթ:

«Մեր երկիրը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը»,-նշել է խորհրդարանի ղեկավարը: Այս համատեքստում նա ընդգծել է միջխորհրդարանական կապերի, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության, փոխադարձ այցերի դերը: Արարատ Միրզոյանն արժևորել է միջազգային հարթակներում երկկողմ գործակցությունը, որտեղ Հայաստանի և ՉԺՀ պատվիրակները հաճախ փոխհամաձայնեցված գործունեություն են ծավալում:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայկական կողմի մոտեցումը` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հարցի առնչությամբ Չինաստանի որդեգրած հավասարակշիռ դիրքորոշումը և խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված աջակցությունը: Ըստ նրա` Հայաստանն իր հերթին սատարել և շարունակելու է աջակիցը լինել «Մեկ Չինաստան» սկզբունքին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով ՉԺՀ կողմից ձեռնարկած միջազգային և տարածաշրջանային ծրագրերին, մասնավորապես «Մետաքսի մեծ ճանապարհ» և «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնություններին, նշել է, որ Հայաստանը ողջունել և պատրաստ է իր գործուն մասնակցությունն ունենալ տարվող աշխատանքներում:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին ՉԺՀ կազմավորման 70-ամյակի և Դեն Սյոփինի հանրահռչակած բարեփոխումների ու ազատականացման քաղաքականության մեկնարկի 40-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շեն Յուեյուեն շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` փոխանցելով նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի գործընկերների բարեմաղթանքները:

Մշտական կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով` Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում և իր երկիրը պատրաստակամ է խորացնելու փոխգործակցությունը թե միջազգային քաղաքական հարթակներում, թե տնտեսական ու մարդասիրական բնագավառներում: «Մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են կայուն և առաջընթաց բնույթ ունեն»,-ասել է Շեն Յուեյուեն:

Երկկողմ կապերի ընդլայնման առումով նա ևս ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը` նշելով, որ դեռևս աշխատանք կա հայ-չինական հարաբերությունների խորացմանը և գործնական կապերի խթանմանը նպաստող իրավական դաշտի կատարելագործման առումով:

Կողմերը քննարկել են հայ-չինական փոխգործակցության լայն շրջանակ. անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը, տնտեսական ու ներդրումային ծրագրերի ընդլայնմանը, հումանիտար ոլորտում կապերի ամրապնդմանը: Այս համատեքստում մեծապես արժևորվել են այն կրթական ու մշակութային ծրագրերը, որոնք չինական կողմն իրականացնում է Հայաստանում, պատրաստակամություն է հայտնվել առավել մեծացնելու շրջանակը:

Երկուստեք արձանագրվել է նաև շինարարության և զբոսաշրջության ոլորտներում առկա ներուժը: Վերջինիս առումով կարևորվել է ուղիղ օդային հաղորդակցության ապահովման և մուտքի վիզաների ազատականացման գործընթացը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոլորտային կառույցները քայլեր ձեռնարկեն քննարկված հարցերի գործնական իրականացման համար: