Իսպանիայում եպիսկոպոսը «միասեռականությունից բուժման» սեանսներ է կազմակերպել. նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել
Իսպանիայում եպիսկոպոսը «միասեռականությունից բուժման» սեանսներ է կազմակերպել, որոնց ներկա են գտնվել անգամ անչափահասներ, ինչի հետևանքով հոգևորականի նկատմամբ հետաքննություն է սկսվել, գրում է eldiario.es-ը:
Լրագրողական հետաքննության օգնությամբ պարբերականի թղթակիցը պարզել է, որ 2009թ.-ին մայրաքաղաք Մադրիդից ոչ հեռու գտնվող Ալկալա դե Էնարես քաղաքում հավատի միջոցով միասեռական կողմնորոշումից ազատվելու համար «ճառային թերապիա» է գործել՝ ինչպես խմբակային, այնպես էլ անհատական: Թերապիայի ժամանակ հիմնականում միասեռականներին «բուժելու» նպատակով աղոթքներ և Աստվածաշունչ է ընթերցվել:
Թերապիա անցած միասեռականներից մեկը հայտնել է լրագրողներին, որ սեանսներից հետո սկսել է պարբերաբար ինքնախոշտանգմամբ զբաղվել և ստիպված է եղել իսկական հոգեթերապևտի դիմել: Նրա խոսքով՝ սեանսներին հաճախող տղամարդկանց կոչ է արվել վերադարձնել կորսված տղամարդկությունը և հրաժարվել կանացի շարժուձևից:
Թերապիայի կազմակերպիչների նկատմամբ հետաքննություն է սկսվել, նրանք կասկածվում են հոմոֆոբիայի մասին օրենքը խախտելու համար: Նրանց նաև անչափահասների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ մեղադրանքներ են սպառնում:
Օրերս քաղաքային եպիսկոպոսության պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրվել, որում հերքվում են վերոնշյալ բոլոր մեղադրանքները:










