Դեմոկրատները պահանջել են Թրամփի՝ վերջին 6 տարվա հարկային հայտարարագրերը

18:12 • 04.04.19

Կոնգրեսի՝ դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատն ԱՄՆ հարկային ծառայությունից պաշտոնապես պահանջել է հրապարակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջին վեց տարվա հարկային հայտարարագրերը՝ ցանկանալով տեղեկություն ստանալ երկրի ղեկավարի ֆինանսների և բիզնես գործարքների վերաբերյալ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, դիմումը ներկայացրել է Ներկայացուցիչների պալատի հարկային հարցերով հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Նիլը՝ մանրամասնելով, որ օրենսդիրներին հարկավոր են Թրամփի՝ 2013-2018թթ. ընթացքում ներկայացրած հարկային հայտարարագրերը:

Պարբերականը գրում է, որ Թրամփը 2016թ. նախագահական քարոզարշավի ժամանակ հրաժարվել էր հրապարակել իր հարկային հայտարարագրերը՝ խախտելով խոշոր կուսակցությունների նախագահի թեկնածուների կողմից ձևավորված 40-ամյա ավանդույթը:

Պատասխանելով դեմոկրատների պահանջին՝ նախագահն ասել է, որ չի կարող հրապարակել փաստաթղթերը, քանի որ այժմ աուդիտ է իրականացվում:

«Մեզ մոտ այժմ աուդիտ է անցկացվում: Դա տևում է արդեն մի քանի տարի, քանի որ թվերը շատ մեծ են: Բայց հենց որ աուդիտն ավարտվի, ես կհրապարակեմ դրանք»,-ասել է Թրամփը:

Դեմոկրատների նպատակն է պարզել՝ արդյոք Թրամփը չի խախտել ԱՄՆ դաշնային հարկային օրենքները, կամ արդյոք նա կամ նրա ընտանիքի անդամներն անձնապես օգուտ չեն ունեցել 2017թ. հանրապետականների անցկացրած հարկային օրինագծից: