Հորդորում եմ իշխանություններին դատավորներին պաշտպանել հանրության կոպիտ միջամտությունից և ատելության դրսևորումներից. Անի Սամսոնյան

16:15 • 05.04.19

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Մարդու իրավունքների թեմայով հրավիրված լուսմների ժամանակ անդրադարձավ ինչպես դատավորների, այնպես էլ որոշ փաստաբանների նկատմամբ տարվող ատելության խոսքին ու ճնշումներին:

Սամսոնյանը նշեց, որ եթե իշխանության երկու թևում՝ գործադիրում և օրենսդիրում տեղի ունեցած փոփոխություներն ակնհայտ են, նույնը չի կարելի ասել դատական իշխանության մասով: «Կա կարծրացած ընկալում, որ եթե գործադիրից կամ օրենսդիրից դատավորներին այլևս չեն զանգում, հրահանագներ չեն տալիս, դատավորների անկախությունը երշախավորվելու է, ինչն էլ իր հերթին նպաստելու է համակարգի առողջացմանը»,- ասաց նա և հավելեց, որ վերջին ժամանակներում դատավորները թիրախավորվել են հանրության կողմից՝ վիրավորանքներ, ճնշումներ` ընդհուպ մինչև սպառնալիքներ: Պատգամավորը նշեց, որ ատելության խոսքի մեծ ալիք է տարածվում սոցկայքերում:  

«Ստացվում է, որ տարիներ շարունակ հանրությունը, որ բողոքել է դատավորների` իշխանությունից կախյալ վիճակից և կողմնակապահությունից, հիմա էլ հախուհաշիվ է պահանջում դատավորներից և պարտադրում իրենց ցանկությամբ որոշում կայացնել»,- ասաց նա և հարց ուղղեց, թե ինչ տարբերություն արտաքին միջամտության սուբյեկտը պաշտոնյա է, թե քաղաքացի:

«Ինքնին որևէ միջամտություն վնասում է արդարադատության իրականացմանը, դատավորների անկախացմանը և դատական իշխանության՝ որպես ինստիտուտի կայացմանը»,- ասաց Ա.Սամսոնյանը և հավելեց, որ դատավորն անկախ է, հաշվետու չէ որևէ մեկին և որևէ մեկին բացատրություն տալու պարտավորություն չունի, և դա բոլորին է վերաբերում:

«Եթե կամք կա իսկապես բարեփոխել  համակարգը, պետությունը պետք է կարողանա պաշտպանել դատավորի հեղինակությունը: Մի քանի դատավորների բացասական օրինակով պետք չէ վարկաբեկել բոլորին»,- ասաց նա:  

Ա.Սամսոնյանը նաև անդրադարձավ փաստաբանների գործունեությանը և նշեց, որ վերջին շրջանում նաև թիրախավորվել են փաստաբանները:

«Հորդորում եմ իշխանություններին` կիրառել սեփական հեղինակությունը և իրավական գործիքակազմը` պաշտպանելու արդարադատություն իրակացնողներին հասարակության կոպիտ միջամտությունից և ատելության դրսևումներից, դա է իրավական պետություն ստեղծելու ճանապարհը»,- ասաց նա: