Պատիվն ու արժանապատվությունը մարդու իրավունքների հիմքն են, սրանք պակաս կարևոր արժեքներ չեն. Ա. Զեյնալյանը՝ ԱԱԾ-ին վարչապետի հանձնարարության մասին (տեսանյութ)
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հասկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ին տրված հանձնարության հիմքում ընկած մտահոգությունը։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ մանիպուլյացիաներ անող «ֆեյքերին» կոշտ հակահարված տալու իմաստն այն է, որ անձինք չչարաշահեն խոսքի ազատության իրավունքը։
«Խնդիրն այստեղ կեղծ լուրերը չեն, այլ եթե հայտարարությունում կան ազգային անվտանգությանը սպառնացող երևույթներ, ապա պետք է զբաղվի ԱԱԾ-ն»,- մանրամասնեց նա։
Նախարարն, անդրադառնալով դիտարկմանը, որ կեղծ օգտատերի կողմից ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի ու սպառնալիքի տարածմամբ կարող է զբաղվել ոստիկանությանը կամ դատախազությանը, հետևաբար ԱԱԾ-ի հավելյալ միջամտությունն անհասկանալի է, ասաց. «Եթե ազգային անվտանգության խնդիր կա, ապա նրանք բոլորն էլ նախաքննություն, հետաքննություն իրականացնելու լիազորություններով օժտված մարմիններ են և կարող են զբաղվել խնդրով։ Յուրաքանչյուրն իր իրավասության և լիազորության շրջանակում կարող է դա դարձնել քննարկման առարկա»։
Դիտարկմանը, որ ԱԱԾ-ն միշտ է միջամտել, երբ սպառնալիք է եղել ազգային անվտանգությանը, և վարչապետի կողմից ԱԱԾ-ին ներգրավելը խոսքի ազատությանը հարված է դիտարկվում, հատկապես, երբ մարդն իրավունք ունի անանուն գրառում կատարել և տեղեկություն տարածել, նախարարը նշեց, թե անանուն գրառում կատարելն ու տեղեկությունը մի բան է, դրանով ազգային անվտանգությունը խաթարելը կամ մարդու պատիվն ու արժանապատվություն վիրավորելը` մեկ այլ բան։
«Գիտեք՝ պատվին ու արժանապատվությունը մարդու իրավունքների հիմքն են, սրանք պակաս կարևոր արժեքներ չեն։ Ավելին՝ նաև տեղեկատվության ազատության ու արտահայտվելու ազատության հիմքն են, հետևաբար մարդու պատիվն ու արժանապատվությունը, ազգային անվտանգությունը պետք է լինեն պաշտպանված, և սա պետության պոզիտիվ պարտականությունն է»,- շարունակեց նախարարը։
Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, եթե դիտարկում ենք «ֆեյք» տեղեկության կամ կեղծ օգտատերի առանձին գրառումը, հնարավոր է՝ դրա մեջ չտեսնենք տեղեկատվության ազատության իրավունքի կամ արտահայտվելու ազատության իրավունքի չարաշահում։ «Բայց կարծում եմ, որ երբ հավաքվում է ամբողջ խճանկարը, տեսանելի է դառնում, որ դա կենտրոնացված կառավարվում է, և դրանք իրար հետ փոխկապակցված են և կարող են գնահատականի արժանանալ»,– ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է գնահատել, որ բացառվի սուբյեկտիվությունը, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Դեռևս սրա վերաբերյալ բանաձև չունենք, պետք է քննարկվի ու որոշում կայացվի»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ԱԱԾ-ին հանձնարություն էր տվել՝ կապված մանիպուլյացիաներ անող «ֆեյքերին» կոշտ հակահարված տալու հետ։
«Հուսով եմ՝ ԱԱԾ-ն կկարողանա ապահովել արդյունքներ, և մանիպուլյացիաներ անող ֆեյքերը կոշտ հակահարվածներ կստանան»,- ասել էր վարչապետը։
Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, ավելին, եթե գրառումների մեջ չլինի հանցակազմ, այդտեղ իրավապահները որևէ բան անելու առիթ չեն ունենա։










