«Մի քանի ժամից կամ օրից Էկվադորն իր դեսպանատնից կվտարի Ասանժին». WikiLeaks

12:26 • 05.04.19

Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպությունը տեղեկացրել է, որ Էկվադորի իշխանությունները ծրագրել են Լոնդոնում գտնվող իրենց դեսպանատից վտարել կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը 2012թ. ի վեր ապաստանել է դեսպանատան տարածքում:

Ինչպես նշում է bloomberg.com կայքը, WikiLeaks-ի տվյալներով՝ Էկվադորն այս ամենը ծրագրել է Մեծ Բրիտանիայի հետ: Ծրագրի նպատակն է Ասանժի ձերբակալումը:

«Էկվադորի կառավարությունում բարձրաստիճան աղբյուրը WikiLeaks-ին հայտնել է, որ Ջուլիան Ասանժը դեսպանատնից կվտարվի մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում»,-նշվում է WikiLeaks-ի թվիթերյան էջում:

Մեկ այլ քաջատեղյակ աղբյուր էլ տեղեկացրել է, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել:

Պարբերականը հիշեցնում է, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012թ. ի վեր՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից: Հայտնի է, որ Ասանժը Շվեդիայում մեղադրվում էր բռնաբարության համար, սակայն նա մտավախություն ունի, որ Շվեդիան կարող է իրեն արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան խիստ պատիժ է սպառնում պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար: