Ամենայն Հայոց կաթողիկոսը և Գերմանիայի ՍԴ-ի նախագահն անդրադարձել են Եվրոպայում արդի իրավունքին և ՀՀ սահմանադրությանը

19:13 • 05.04.19

 

Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը Նորին Սրբությանը ներկայացրել է Գերմանիայի և Հայաստանի Սահմանադրական դատարանների փոխգործակցությունը` բարձր գնահատելով նաև այցի ընթացքում արձանագրված արդյունքները: Պրն. Հրայր Թովմասյանը նաև ընդգծել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությունն ինչպես ազգի ինքնության պահպանման, այնպես և հայ իրավագիտության զարգացման գործում:

Այնուհետև հյուրերին ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների կապակցությամբ, որոնք նպաստում են հայ և գերմանացի ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանը: Այդ առումով Վեհափառ Հայրապետը գնահատանքով արձանագրել է Սահմանադրական դատարանների միջև սերտ գործակցությունն իրավական ոլորտում:

Գարեգին Բ Հայրապետը մասնավորապես անդրադարձ է կատարել Եվրոպայում արդի իրավունքին և ՀՀ Սահմանադրությանը, որոնց ակունքներում քրիստոնեական արժեհամակարգն է` խոսելով նաև ընդհանուր առնչակցությունների մասին: 

Իր հերթին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահը փաստել է, որ երկու երկրների գործակցությունը իրավական դաշտում լավագույն վկայությունն է Հայաստանի և Գերմանիայի բարեկամական և սերտ հարաբերությունների մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն է մաղթել պրն. Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությանը: