«Կարևոր է հիշել հայերի դեմ իրագործված ցեղասպանության մասին». Կոլորադոյի նահանգապետն ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» է հռչակել
ԱՄՆ Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Պոլիսն ապրիլը հռչակել է «Ցեղասպանության իրազեկման ամիս», իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը՝ մանրամասնելով, որ դա վերաբերում է հայերի, հույների և այլ ազգերի դեմ իրագործված ցեղասպանություններին:
Նահանգապետի հայտարարությունում ընդգծվում է, թե որքան կարևոր է իրազեկված լինել ցեղասպանությունների մասին, ինչպես նաև դատապարտել մարդկության դեմ հանցանքների կազմակերպիչներին, այդ դեպքերը ժխտողներին:
«Կոլորադոյի բնակիչների համար կարևոր է հիշել և ոգեկոչել 20-րդ դարում հայերի, հրեաների, կամբոջացիների, բոսնիացիների, ռուանդացիների և այլ ազգերի, ինչպես նաև 21-րդ դարում դարֆուրցիների, ռոհինջաների, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների դեմ կազմակերպված ցեղասպանությունները»,-նշել է նահանգապետը:
Հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է ԱՄՆ 50 նահանգից 49-ը:










