Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

14:48 • 05.04.19

Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարված քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Նա Երևան քաղաքի բնակիչ է` ծնված 1962 թվականին: Վերջինս ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ սպանության փորձի դեպքի առթիվ:

2019 թվականի ապրիլի 5-ին, ժամը 08։10-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ նշված հասցեից հրազենային վիրավորումով «Աստղիկ» բժշկական կենտրոն է  տեղափոխվել Երևան քաղաքի` 1979 թվականին ծնված տղամարդ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: