Հիմա իրավիճակն ավելի է վատացել, մեր նկատմամբ հակաասորական քաղաքականություն է վարվում. «Ասորական ֆեդերցիայի» նախագահ
Ես համաձայն չեմ եզդի համայնքի ներկայացուցչի հետ, որ ազգային փոքրմասնությունները ՀՀ-ում խնդիրներ չունեն, շատ մեծ խնդիրներ ունեն: Մարդու իրավունքների թեմայով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց «Ասորական ֆեդերցիայի» նախագահ Իրինա Գասպարյանը:
«ՀՀ-ն ստորագրել է միջազգային պայմանագրեր իրավունքների և լեզվի պաշտպանության վերաբերյալ, սակայն հին իշխանության գնալուց հետո` նոր Հայաստանում, մեր վիճակն ավելի է վատացել, այսպես ասեմ, իրավիճակ է փոխել, բայց ոչ մեզ համար»,- ասաց նա:
Գասպարյանը բացատրեց, թե ինչու. «Իրավունքների պաշտպանության այն մեխանիզմները, որոնք մենք ունեինք, վերացվել են, մեկ տարի է անցել, բայց նոր իշխանությունը չի կարողանում կողմնորոշովի` ինչ անի: ՀՀ-ում գոյություն ուներ համակարգող խորհուրդ, որը գործում էր ՀՀ նախագահին կից, հիմա այդ խորհուրդը չկա, չի վերացվել, բայց չի գործում, և մենք չգիտենք` ինչ կարգավիճակում ենք: Բազում հարցեր են առաջանում»,- ասաց նա:
«Ասորական ֆեդերցիայի» նախագահը օրինակ բերեց, որ կրթական խնդիրներով հարցում են արել կառավարությանը, որտեղից էլ հարցը մարզպետարանին են ուղղել: «Փաստ է, որ մեր համայնքի նկատմամբ հակաասորական քաղաքականություն է վարվում: ՀՀ-ն զեկույց է հրապարակում ԵՄ-ի ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանության խարտյայի վերաբերյալ, սակայն այդ զեկույցը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա:
Իրինա Գասպարյանը նշեց, որ համակարգող խորհուրդը հնարավորություն էր տալիս նաև օպերատիվ հարցեր բարձրացնել: «Հիմա այդ միջանկյալ օղակները պատկերցում էլ չունեն` ինչի մասին է խոսքը, մինչև բացատրում ես… չեն էլ հասկանում, անցնում են ամիսներ, կես տարի: Անցած տարի մայիսից նամակ էի գրել ԿԳ նախարարին, հոկտեմբերին նոր հանդիպել ենք, նախկինում նման բան չկար, շատ արագ հանդիպում էինք ցանկացած նախարարի հետ, հարցը բարձրացնում էինք և լուծվում էր, հիմա մեխանզիմ չունենք»,- ասաց նա:










