Կուբայում թղթի պակասի պատճառով կկրճատվի թերթերի ծավալը

15:55 • 05.04.19

Կուբայի իշխանությունները երկրում լրագրային թղթի պակասի պատճառով կրճատում են մի շարք հրատարակությունների, այդ թվում գլխավոր՝ Granma թերթի ծավալը: Այն պատկանում է երկրի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

«Երկրում թղթարտադրության հետ կապված խնդիրների պատճառով Granma-ն չորեքշաբթի և ուրբաթ օրերին 16 էջի փոխարեն քիչ ծավալով կտպագրվի՝ 8 էջ»,- գրված է հենց Granma-ի հայտարարությունում:

16-ից 8 էջ կդառնան նաև Granma Internacional, Trabajadores, Orbe և Opciones շաբաթաթերթերը, իսկ Juventud Rebelde թերթը, որը երկրում նշանակությամբ երկրորդն է, շաբաթ օրերը կդադարի հրատարակվել:

Ծավալի կրճատման գործընթացն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրվանից: