Հետամուտ կլինեմ ԱԺ լսումների պատշաճ իրականացմանը՝ առանց մարդկանց վրա գոռգոռալու, սենյակից դուրս հրավիրելու. Մ. Կարապետյանը՝ տրանսգենդերի ելույթի հետ կապված միջադեպի մասին

20:41 • 05.04.19

Սույն թվականի մարտի 11-ին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած նիստում ներկա բոլոր պատգամավորների միաձայն քվեարկությամբ որոշում է կայացվել ապրիլի 5-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացնել խորհրդարանական լսումներ Մարդու իրավունքների ազգային օրակարգ. «ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով՝ առանց քննարկվելիք հարցերի շրջանակ սահմանելու:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում վերանշյալ լսումների ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը հայտնվել էր խորհրդարանում և ելույթ ունեցել, ինչը զայրացրել էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին:

«Առաջնորդվելով մարդկանց իրազեկված լինելու իրավունքով՝ տարածել եմ Ազգային ժողովի կայքում տեղադրված լսումների վերաբերյալ հայտարարությունը և օրակարգը, որը չէր պարունակում մանրամասներ լսումների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ: Այս հայտարարությունը տարածել եմ նաև իրավապաշտան գործունեությամբ զբաղվող ինձ ծանոթ և անծանոթ հասարակական կազմակերպությունների շրջանակում, ինչով էլ ավարտվել է իմ «առաքելությունը» այս գործում:

Կազմակերպությունների գրանցման, նրանց մուտքն ԱԺ ապահովելու և օրակարգի (ինչը նաև ընթացքում փոխվել է առանց հանձնաժողովի անդամների հետ քննարկման) վերաբերյալ իրազեկման «մենաշնորհն» իր վրա էր վերցրել մեր մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որը հրավիրյալ կազմակերպությունների ցանկն անգամ ինձ է փոխանցել գրանցման վերջնաժամկետի ավարտից հետո»,-պարզաբանել է Մաիրա Կարապետյանը, ապա հավելել.

«Կարծում եմ, որ խորհրդարանական լսումները բաց, խտրականությունից զերծ հարթակ պիտի լինեն, իսկ հետայսու հետամուտ կլինեմ դրանց առավել պատշաճ իրականացմանը՝ առանց մարդկանց վրա գոռգոռալու, սենյակից դուրս հրավիրելու և սպառանալու պարզել, թե ինչպես են «սպրդել» ՀՀ քաղաքացիները ՀՀ Ազգային ժողով։

Հ.գ. Այսօրվա լսումների օրակարգից դուրս բանախոսները անդրադարձ են կատարել Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց, ազգային փոքրամասնությունների, աշխատանքային, կրթական իրավունքների պաշտպանության խնդիրներին: Իսկ Միքայել Մելքումյանի ելույթը նվիրված էր նաև ՊԵԿ-ի կողմից սահմանված տուգանքներին»:

Հիշեցնենք, որ նիստը վարող Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա  Զոհրաբյանը հայտարարել էր, որ նրանք իրավունք չունեին օրակարգ խախտել և նման հարց բարձրացնել ԱԺ ամբիոնից:

«Մենք ունեինք երեք թեմա քննարկելու՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ: Օգտվել առիթից և փորձել այս ամբինոից բարձրացնել հարց, որն այս պահին չկա մեր օրակարգում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք՝ առաջին հերթին իմ հանդեպ` որպես հանաձնաժողովի նախագահի, երկրորդ` խորհրդարանի հանդեպ: Ձեր իրավունքները որևէ մեկը չի ոտնահատրում, մենք ունենք հստակ օրակարգ և դուք խախտել եք մեր օրակարգը»,- ասաց նա: