Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրիում չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են. նշանակում է՝ մի բան սխալ է. Վարչապետը՝ Գյումրու մայթերի նորոգման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագընթաց գնացքով ժամանեց Գյումրի, որտեղ նրան դիմավորեցին գյումրեցիները: Նրանք, միմյանց հերթ չտալով, հրելով, փորձեցին մոտենալ վարչապետին ու հղել իրենց հուզող հարցերն ու պահանջել պատասխաններ:
Այնուհետև վարչապետը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ քայլեց Գյումրու փողոցներով: Վարչապետը քաղաքապետին հարց ուղղեց քաղաքի փողոցների քանդված մայթերի վերաբերյալ և հետաքրքրվեց՝ որքան ժամանակ է այդ վիճակը շարունակվելու: Բալասանյանը պատասխանեց, որ մայթերը քանդվել են աշնանը և, ըստ նախագծի, մինչև հունիսի 30-ը կավարտվեն մայթերի նորոգման աշխատանքները. «Գետնի տակով անցկացվելու են մալուխները, իսկ փողոցների եզրերի սյուները ապամոնտաժվելու են»:
Վարչապետը քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանից հետաքրքրվեց` օրինաչա՞փ է, որ մայթերը մեկ տարի է՝ քանդված են, թե՞ այս հարցում կա խնդիր: Վերմիշյանը պատասխանեց. «Շուտով եղանակը կբացվի, նորոգման աշխատանքները կշարունակվեն»:
Այնուհետև դառնալով Վահագն Վերմիշյանին` վարչապետը նշեց, որ այս իրավիճակը քաղաքաշինական ստանդարտների խնդիր է, որովհետև շինարարական մշակույթ չկա. «Պետք է ամեն ինչ հաշվի առնել: Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրիում չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են: Նշանակում է, որ մի բան սխալ են անում»:










