Բրազիլիայում հանցագործներն ուղիղ եթերում կողոպտել են ռադիոհաղորդավարներին ու հաղորդման հյուրերին (տեսանյութ)
Բրազիլական Սան Պաուլու քաղաքում անհայտ անձանց խումբը ներխուժել է SOT ռադիոկայանի ստուդիա և ուղիղ եթերում կողոպտել հաղորդավարներին ու հաղորդման հյուրերին, գրում է dailymail.co.uk-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 2-ին՝ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում: Շենք է ներխուժել առնվազն 5 մարդ՝ որպես սնունդ առաքող ներկայանալով: Նրանցից առնվազն մեկը զինված է եղել:
Ինչպես տեղի Globo TV հեռուստաալիքին պատմել է ռադիոկայանի սեփականատեր Ալեսսանդրո Սանտոսը, հենց նա է բացել դուռը չարագործների առաջ:
«Հենց դուռը փակեցի նրանց ետևից, նրանցից մեկն ատրճանակը պահեց գլխիս և ասաց, որ տանեմ իրենց ներս»,- ասել է Սանտոսը:
Տեսագրությունում երևում է՝ ինչպես են հաղորդավարներն ու հյուրերը շոկի մատնվում՝ տեսնելով հանցագործներին: Սկզբում նրանք ձեռքերը վեր են պարզում, այնուհետև գողերին տալիս իրենց մոտ եղած արժեքավոր իրերը՝ սմարթֆոններ, զարդեր, ժամացույց:
Ոստիկանությունը ռադիոլսողներից բազմաթիվ զանգեր է ստացել, սակայն դեպքի վայր ժամանելով՝ հանցագործներին չի հայտնաբերել:
Այժմ ոստիկանությունը որոնում է նրանց:










