«Սպայկա»-ի աշխատակիցներն ակցիա են իրականացրել` հաջակցություն ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի (տեսանյութ)

19:23 • 05.04.19

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի և փաստաբանների այսօրվա համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում դրսում, ի աջակցություն տնօրենի, բողոքի ակցիա էին իրականացնում ընկերության աշխատակցները:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրել ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով:

Ակցիայի մասնակիցների թվում էր նաև Դավիթ Ղազարյանի մորեղբայրը, որը նշեց, որ 2001 թվականից անցել են դժոխքի միջով` հանուն այս երկրի: «Պահանջում եմ, որ պետական օղակները հանրապետության ղեկավարի հանձնարարականը ճիշտ կատարեն և չղեկավարվեն անձնական շահով»,- ասաց նա:

Ասուլիսի վերջում հավաքվածներին մոտեցավ նաև Դավիթ Ղազարյանը: Նա նշեց, որ իր թիմը շատ մեծ և ուժեղ է: «Երևի այստեղ չկա մարդ, որ տեսած չլինի, թե ոնց ենք մենք զրոյից ամեն ինչ սկսել, թե ինչքան «պրավալներ» ենք ունեցել, ֆինանսական խնդիրներ ենք ունեցել, բայց հաղթահարել ենք»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց հավաքվածներին:

«Մեր ընկերությունը, եթե գումար է պարտք պետությանը, մենք դա վճարելու ենք, բայց խնդրանքս մեկն է ՊԵԿ-ին` թող ամեն ինչ անի «ցիվիլ» ձևով և հաստատի: Կալանքի միջնորդությունը շինծու գործարք է նրանց կողմից, ամոթ է: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, և բոլորս ողջունել ենք, թող չվարկաբեկեն այդ հեղափոխությունը»,- ասաց նա:

Ակցիայի մյուս մասնակիցներն էլ ասացին, որ պաշտոնյաները պետք է ճանապարհների խնդիրների, դրանք բացելու մասին մտածեն, ոչ թե այս ընկերության աշխատակիցներին հացից կտրեն, այն էլ այս ճանապարհով: «Ո՞նց են առանց տեսնելու հաշվում, այդ «շովեռներն» այդքան ճանապարհ են կտրել, հասել ապրանքի, կեսը թափվել է, մարդը պատասխան է տվել, այսօր խի՞ են դա հարամ անում»,-ասաց աշխատակիցներից մեկը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: