Գյումրիում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել Երևան-Գյումրի ուղեգծի նոր գնացքը

12:38 • 05.04.19

Այսօր Երևանի երկաթուղային կայարանից առաջին ուղերթը կատարել է Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող հերթական՝ արդեն երկրորդ նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որի առաջին ուղևորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր:

Վարչապետը նոր էլեկտրագնացքով ուղևորվել է Գյումրի, որտեղ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն գնացքների դեպոյում վարչապետին ներկայացրել է Երևան-Գյումրի ուղեգծի նոր գնացքը և գնացքների աշխատանքը:

Գնացքին ծանոթանալիս վարչապետը, ուղիղ եթերով դիմելով հետևորդներին, նշել է, որ խոստացվել է՝ առաջիկայում գնացքի վագոններում կապահովվի ինտերնետի անվճար հասանելիություն:

Նշենք, որ Երևան-Գյումրի նոր էլեկտրագնացքը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: