Վորոնեժում Հայաստանից գնացած ընտանիքում 2 և 3 տարեկան աղջիկների մահվան համար մեղադրում են նրանց մորը

16:22 • 05.04.19

ՌԴ Վորոնեժի մարզում տեղի ունեցած հրդեհի ժամանակ 2 և 3 տարեկան աղջիկների մահվան համար մեղադրվում է նրանց 27-ամյա մայրը: Կնոջը մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ մահվան պատճառ դառնալու համար: Ինչպես հայտնում է vestivrn.ru-ն, նրան մինչև 4 տարվա ազատազրկում է սպառնում:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2018 թ. նոյեմբերի 16-ին կինը պառկեցրել էր քնելու իր երկու  աղջիկներին, որից հետո տնից գնացել էր՝ դուռը բանալիով փակելով: Սենյակում տեղադրված վառարանի կողքին նա սպիտակեղեն է չորացնելիս եղել, ինչն էլ բռնկվել է: Փոքրիկ աղջնակները մահացել են գազից թունավորումից:

Աղբյուրը հայտնում է, որ այդ ժամանակ երեխաների ծնողները կով են կթելիս եղել: Տեսնելով ծուխը՝ վազել են սենյակ, սակայն աղջիկների կյանքը փրկել չի հաջողվել: Նշվում է, որ ընտանիքը Ռուսաստան էր տեղափոխվել Հայաստանից՝ 2018 թ. ապրիլին:

Սեպտեմբերին նրանց ժամանակավոր գրանցման ժամկետն ավարտվել է, և նրանց հյուրընկալել է հայրենակիցը:

27-ամյա կնոջ նկատմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել է դատարան: